ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին այցելել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արեւադաշտ գյուղում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Նրանք նաեւ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ հարցերի շուրջ։Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ եւ բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական եւ որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։Էդուարդո Էռնեկյանն էլ նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը եւ նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաեւ տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։ Այս տարի ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչեւ 700 հազար շիշ գինի։ Tweet Դիտում՝ 3061