Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Բանկում նշել են, որ փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի եւ հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները: Գինեգործական ընկերություններն էլ ներկայացնելու են շուրջ հարյուր տեսակի գինիներ:«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը միջոցառման գլխավոր հովանավորն է: Բանկը շուրջ քառորդ դար տնտեսության իրական հատվածի կողքին է եւ այն միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: «Արենի գինու փառատոնը» այդ կարեւոր միջոցառումներից մեկն է, որովհետեւ այն նպաստում է երկու կարեւոր ուղղությունների զարգացմանը: Դրանցից մեկը տեղական արտադրության՝ տվյալ դեպքում գինեգործության զարգացումն է, իսկ երկրորդը՝ տուրիզմի զարգացման ուղղությունն է, որն ինչպես երկրի, այնպես էլ մեր բանկի համար գերակա ուղղություն է»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:Փառատոնին մասնակցելու համար հայտեր են ստացվել նաեւ արտերկրից. զբոսաշրջիկներ են գալու անգամ Ֆիլիպիններից, Մալայզիայից ու Ավստրալիայից:«Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլ նաեւ գինեգործության զարգացման համար: Այս տարի եւս փառատոնին ներկա են լինելու 20-ից ավելի գինեգործական ընկերություններ, 100 տաղավարից ավելի ունենալու ենք գյուղական գինու ներկայացուցիչներ: Այս տարի արդեն եղել են 3 միջոցառումներ եւ «Արենին» 4-րդն է որպես գինու տոն: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը «Երեւանի գինու օրերին» եւ «Ոսկեհատ» գինու փառատոնին եղել է մեր գործընկերը, այժմ էլ «Արենի գինու փառատոնի» գլխավոր գործընկերն է»,- ասել է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: «Արենի գինու փառատոնը» կազմակերպվում է 11-րդ անգամ: Փառատոնի շնորհիվ միջազգային եւ ներքին զբոսաշրջային շուկայում Արենին արդեն իսկ հայտնի է որպես գինեգործության բնօրրան եւ գրավիչ զբոսավայր:Միջոցառումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ժամը 13:00-ին: Tweet Դիտում՝ 2964