Սեպտեմբերի 27-ին՝ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Հայաստանում առաջին անգամ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչել է մաեստոր Տիգրան Մանսուրյանի “Ubi est Abel frater tuus?” («Ո՞ւր է Աբել եղբայր քո») Թավջութակի 4-րդ կոնցերտը: Համերգը նվիրված է եղել մաեստրոյի 80-ամյակին: Մենակատարն է Սեւակ Ավանեսյանը, որպես դիրիժոր հանդես է եկել աշխարհի առաջատար դիրիժորներից մեկը՝ Անդրեյ Բորեյկոն: Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերն է Կոնվերս Բանկը:«Թավջութակի համար գրված իմ կոնցերտը մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը եւ բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է եւ եղբայրասպանության սիմվոլը»,- նշել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը` ներկայացնելով կոնցերտը:«Այս համերգը Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարեւորագույն իրադարձություններից է: Այս տարի փառատոնի շրջանակներում աշխարհում ամենապահանջված մենակատարների եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններ: Մենք շատ ուրախ ենք եւ շնորհակալ, որ այս տարվա փառատոնին եւս Կոնվերս Բանկը Ֆիլհարմոնիկի կողքին է եւ աջակցում է մեր ծրագրերի հաջող իրականացմանը»,- ասել է ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:«Փառատոնը իր գործունեության 13 տարիների ընթացքում դարձել է Հայաստանի մշակութային կյանքում ամենակարեւոր ու սպասված երաժշտական իրադարձություններից, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ ունկնդրին հնարավորություն տալով ոչ միայն եւս մեկ անգամ հաղորդակից դառնալ դասական երաժշտությանը, այլեւ ունկնդրել եւ վայելել վաղուց սպասված պրեմիերաներ: Մասնավորապես, նախորդ տարի Ազգային ֆիլհարմանիկ նվագախմբի հետ համագործակցությամբ մենք կարողացանք փառատոնի շրջանակում ներկայացնել Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան, այս տարի՝ Տիգրան Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:Փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը: Փակման գալա համերգը, որի շրջանակում հնչելու են Գերշվինի ստեղծագործությունները, նվիրված է լինելու ՀԱՖՆ-ի եւ Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը: Tweet Դիտում՝ 9865