Գյումրիում տեղի է ունեցել Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված հերթական պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, Կոնվերս Բանկի ներկայացուցիչներ, հյուրեր:«Սա Գյումրիում բացված առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է, որը մեր համաքաղաքացիներին հնարավորություն կընձեռի մարզվել միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում: Վստահ եմ նաեւ, որ այն կդառնա գյումրեցի փոքրիկների ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:«Ողջունելի է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տիրույթում այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կնպաստի առողջ ապրելակերպին ու մասսայական սպորտի զարգացմանը: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների հոգածու վերաբերմունքի լավագույն դրսեւորումներից է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։Նշվել է, որ նախորդ տարի՝ մեկ այլ ծրագրի շրջանակում, Կոնվերս Բանկը աջակցել է Գյումրիի երկու դպրոցում համակարգչային սենյակների ստեղծմանը, տեխնիկապես համալրմանը, իսկ դպրոցներից մեկում՝ նաեւ համակարգչային սենյակի նորոգմանը:«Առաջիկայում Նոր Հաճնում նման մարզահրապարակի բացմամբ մենք ավարտին կհասցնենք Հայաստանում եւ Արցախում 5 պրոֆեսիոնալ մարզահրապարակների կառուցման նախագիծը: Դրանք, գործարկման առաջին տարվա ընթացքում սպասարկելու է նախագծի մեր գործընկեր StreetWorkout հայաստանյան ֆեդերացիան, այնուհետեւ մարզահրապարակները անցնելու են համապատասխան համայնքների՝ Երեւան, Շուշի, Գյումրի, Մեծամոր եւ Նոր Հաճն, հաշվեկշիռ»,- ասել է Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:Շիրակի մարզում Կոնվերս Բանկը ներկայացած է երեք մասնաճյուղով՝ «Գյումրի», «Կումայրի» եւ «Շիրակ»: Այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ, դրանց վարկային պորտֆելը կազմել է 5,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28 տոկոսով: Միաժամանակ, բանկը Շիրակի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության, զբոսաշրջային ենթակառույցների, առեւտրի եւ սպասարկման ցանցի ընդլայնման եւ զարգացման նպատակով նախորդ տարի մշակել եւ ներդրել է«Գյումրի» եւ «Գյումրի ագրո» վարկատեսակները: Tweet Դիտում՝ 11113