ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս կարող է գործարար կապեր հաստատել Կալիֆոռնիայի հետ»:«Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: Միեւնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆոռնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար»,- հայտարարել է վարչապետը՝ դիմելով Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի մասնակիցներին: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Կառավարության ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները: «Եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված եւ տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը խոստումնալից ձեռնարկ է: Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» եւ օգնել ուսանողներին պարզել իրենց հմտությունները՝ նախնական, արհեստագործական եւ բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ եւ աշխարհագրական վայր: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն «Մենք շարունակում ենք մեր ջանքերը Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման ուղղությամբ բազմաթիվ գործիքների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը ռազմավարական հիմքեր եւ սկզբունքներ է առաջադրում առեւտրի եւ ներդրումների հետ կապված երկխոսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1619