Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» ուսանողական դասընթացների շարքը:«Ֆինանսական գրագիտությունը ֆինանսական գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման եւ վերաբերմունքի համակցումն է, որն անհրաժեշտ է անձնական ֆինանսների կառավարման գործում ճիշտ որոշումներ կայացնելու եւ բարեկեցություն ապահովելու համար: Եվ առավել արդյունավետ է, որ այս ընկալումը մարդու մոտ առավել արմատավորվի դեռեւս ուսանողական տարիքում»,- ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ողջունելով դասընթացների մասնակիցներին:Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնակցությամբ Երեւանի Անգլիական այգում կազմակերպված դասընթացների առաջին օրվա օրակարգում ներառվել է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանի դասախոսությունը՝ «Բանկը իմ առաջին 5 հավելվածների շարքում» թեմայով, ինչպես նաեւ Արմսվիսբանկի Գործադիր տնօրենի տեղակալ - Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի դասախոսությունը՝ պարտատոմսերի եւ բանկային ավանդի ընդհանրությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ:Բանկերի միությունում նշել են, որ մասնակից ուսանողները եւ ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մեծապես կարեւորել են ուսուցողական այս միջոցառումը, համարել արդյունավետ ու նպատակային:Հայաստանի Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն իր շնորհակալական խոսքն է հղել կազմակերպիչներին:Բանախոսները պատասխանել են նաեւ ուսանողների բարձրացրած տարբեր հարցադրումներին եւ տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ:«Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Tweet Դիտում՝ 1676