Երեւան, 24 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ռուսական առեւտրային համակարգ (PTC)” “Ֆոնդային բորսա” ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Սաֆոնովը կարծում է, որ Հայաստանի ֆոնդային շուկան փաստորեն փակվել է ռուսական բորսաների համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Սաֆոնովն այդ մասին ասել է “Պրոֆիլ” ամսագրին տված հարցազրույցում: “Այսօր եվրոպական եւ ամերիկյան խոշոր բորսաները սկսում են ավելի շատ հետաքրքրել զարգացող երկրների շուկաներով, որոնց թվում հետխորհրդային պետությունները զբաղեցնում են ոչ վերջին տեղը: Այսօր մենք կարող են ականատես լինել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնների ստեղծման շատ բարդ եւ հետաքրքիր գործընթացին: Նրանից, թե ովքեր եւ ինչպիսի՞ պայմաններով կդառնան նման կենտրոններ, մեծապես կախված է ողջ համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունը: Իհարկե, մենք կարծում ենք, որ եվրասիական տարածքում այդպիսի կենտրոն պետք է դառնա Մոսկվան: Իրավիճակը բարդանում է արեւմտյան խոշոր խաղացողների ծավալմամբ: Օրինակ, OMX-ն արդեն բորսա է ձեռք բերել Երեւանում, փաստորեն փակելով Հայաստանի ֆոնդային շուկան ռուսական բորսաների համար: Այսօր գործընթացը զարգանում է երկու ուղղությամբ. մի կողմից ԱՊՀ-ի եւ Մերձբալթյան երկրները հավակնում են սեփական ֆինանսական կենտրոնների ստեղծմանը, մյուս կողմից` գլոբալ խաղացողները հետաքրքրվում են ԱՊՀ երկրների բորսային ակտիվներով”,- ասել է Օլեգ Սաֆոնովը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2007 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի կառավարությունն ու շվեդական OMX բորսայի օպերատորը համաձայնագիր կնքեցին Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի առք ու վաճառքի մասին: Ստորագրած համաձայնագրի համաձայն, OMX-ը դառնում է Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100%-անոց սեփականատերը: Բաժնետոմսերը նոր սեփականտիրոջը կփոխանցվեն 2008 թ. հունվարի 3-ին: 2007 թ. հունիսի 6-ին OMX Group-ի փոխնախագահ Հենրի Բերգսթրոմն Երեւանում հայտարարել էր Հայաստանի կապիտալի շուկայում “հեղափոխության” անհրաժեշտության մասին: Նա նշում էր, որ ներկայումս Հայաստանի կապիտալի շուկան գտնվում է վերակենդանացման վիճակում, “երբ դժվար է շնչել եւ սնվել, իսկ սիրտը վատ վիճակում է”: Սակայն, նշել էր նա, “առկա է շուկայի մասնակիցների կամքը եւ պատրաստակամությունը` աջակցելու վերակենդանացման գործընթացին”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6071