Ամենամյա «Բերքի տոնը» կանցկացվի սեպտեմբերի 14-15-ը

13.09.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բերքի տոն #Կանաչ արահետ
Սեպտեմբերի 14-15-ը Երեւանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի եւ ավանդույթների 6-րդ փառատոնը՝ «Բերքի տոնը»: Այն կազմակերպում է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Երկու օր շարունակ առավոտյան 11:00-ից մինչեւ 22:00-ն Անգլիական այգում իրենց արտադրանքը կներկայացնեն ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ եւ կանանց խմբեր Հայաստանից ու արտերկրից: Փառատոնի նպատակն է նպաստել կայուն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը:

«Կարելի է ասել, որ միջոցառումն ավանդույթ է դարձել: Մասնակիցների թիվն արդեն հասել է 200-ի: Նրանք տարբեր մարզերից են, Արցախի Հանրապետությունից, ունենք եւս 13 մասնակից՝ Վրաստանից: Շատ կարեւորում ենք ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը, եւ այս տարի կմասնակցեն նաեւ ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ եզդիական եւ ասորական համայնքներից»,- նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Տիգրան Գաբրիելյանը

Վրաստանի ներկայացուցիչ, Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան ասել է, որ այս տարի կներկայացնեն հատկապես վրացական ազգային այն սնունդները, որի պահանջարկը նկատել են նախորդ տարիների մասնակցության փորձից:

«Ամենակարեւորը համագործակցությունն ու փորձի փոխանակումն է: Շատ ուրախ եմ այստեղ այսքան սեղաններ տեսնել: Դա նշանակում է, որ վաղը շատ զբաղված ենք լինելու եւ շատ ակտիվ: Անհամբեր սպասում եմ հանդիպելու տարբեր ֆերմերների եւ ձեռնարկատերերի հետ ու տեսնելու տարատեսակ գյուղական մթերքներ»,- հավելել է նա:

Նանա Ջանաշիան

«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը պատմել է, որ երբ 2014 թվականին սկիզբ դրեցին փառատոնին, ֆերմերների մասնակցությունն ապահովելն այնքան էլ հեշտ չէր. կար ընդամենը 50 մասնակից: Մինչդեռ այս տարի ֆերմերներն իրենք են զանգահարել գրանցման համար՝ սկսած հունվար ամսից:

«Այն հանգամանքը, որ ֆերմերը ծախս անելով մայրաքաղաք է հասնում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ փառատոնը նրանց համար եկամտաբեր է: Ամեն տարի՝ փառատոնից հետո, մենք իրականացնում ենք նաեւ փոքր հետազոտություն՝ տեսնելու, թե որ սննդամթերքները շատ վաճառվեցին, ինչ ծավալի վաճառք եղավ եւ ինչ կապեր հաստատեցին, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակն ու հաջորդ տարի ավելի արդյունավետ կազմակերպել»,- մանրամասնել է Նունե Սարուխանյանը:

Նունե Սարուխանյանը

Նա հավելել է՝ այցելուների կողմից հատկապես մեծ է պահանջարկը սերտիֆիկացված օրգանական սննդի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի կարեւորել իրենց առողջությունը:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ մրցանակաբաշխություն՝ «Լավագույն ձեռներեց», «Լավագույն ֆերմերային խումբ» եւ «Լավագույն կանանց խումբ» անվանակարգերում: Հաղթողներին փառատոնի գործընկեր կազմակերպությունները կտրամադրեն խոշոր նվերներ՝ մինի տրակտորներ, չորանոցներ, սառնարաններ եւ այլն:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 3614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW