Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում բացվել է Լեգենդների արահետը, որը քարտեզագրվել եւ գծանշվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Միջոցառման հյուրերն ու մասնակիցները շուրջ 5 կմ քայլարշավ են կատարել «Կախարդական անտառում», որն արտացոլում է տեղի եւ արտերկրյա արտիստների բնության միջոցով ստեղծված արվեստի գործեր: «Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը գերակա առաջնահերթություն է Եվրոպական միության համար։ Ես նաեւ անձամբ եմ կարեւորել առավել մեծ ուշադրություն դարձնել այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանի քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին թույլ են տալիս վայելել այս երկրի գեղեցկությունը՝ վարելով նաեւ ակտիվ ապրելակերպ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս քայլարշավներ պլանավորել Գորիսն ու Կապանը կապող այս Լեգենդների արահետում եւ բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայությունները, որոնք համայնքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակցությամբ»,- ասել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ նշել է, որ կառավարությունը խրախուսում է զբոսաշրջային առաջարկների բազմազանեցումը եւ դրանցում համայնքների ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունները:«Ուրախ ենք ԵՄ աջակցությամբ կյանքի կոչել արկածային եւ էկո տուրիզմի զարգացմանն ուղղված մեծածավալ այս ծրագիրը: Խնձորեսկից դեպի Խուստուփ հասնող Լեգենդների արահետն էականորեն կնպաստի տուրիզմի համաչափ զարգացմանը, տեղացիների տնտեսական ակտիվությանն ու կյանքի որակի բարելավմանը: Ծրագիրը մեծապես նպաստում է նաեւ Կապանի եւ հարակից բնակավայրերի տուրիստական նոր ուղիների ձեւավորմանը»,- նշել է «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը: Գորիսում եւ Կապանում գործող թանգարանների հետ համագործակցելով՝ հավաքագրվել են տեղի լեգենդները, պատմական իրադարձությունները եւ ավանդույթները՝ զբոսաշրջիկների համար նոր հետաքրքրություն առաջացնելու համար։ Այդտեղից էլ ծագել է քայլուղու Լեգենդների արահետ անվանումը:Լեգենդների արահետը Գորիսի տարածաշրջանում գծանշված ճանապարհներով կապում է Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթեւ, Հալիձոր, Շինուհայր, Խոտ եւ Հարժիս բնակավայրերը, իսկ Կապանում՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան եւ Շղարշիկ բնակավայրերը:Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ՝ նախատեսված թիրախ համայնքներում համայնքային նախաձեռնությունների եւ ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Tweet Դիտում՝ 9102