Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ եւ առեւտրային բանկերի աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվում է Արցախի բոլոր վարչական շրջանների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը։ Բանկերի միությունում նշել են, որ այս տարի երեխաների հանգստի համար ընտրվել էր Լոռու մարզի «Գուգարք» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստն էին վայելում մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաեւ Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների 10-15 տարեկան 70 դպրոցականներ:Արցախցի երեխաները ճամբար էին ժամանել 2019թ. հուլիսի 20-ին, որտեղ անցկացրել են մարզամշակութային տարբեր միջոցառումներով ու իրադարձություններով հագեցած տասը օր: Պատանի ճամբարականներին այցելել են Հայաստանի բանկերի միության աշխատակիցները՝ ճամբարի կողմից կազմակերպված գեղարվեստական միջոցառումներին համադրելով ֆինանսական գրագիտությանն ուղղված մի շարք նախաձեռնություններ:Ճամբարային հանգստի օրերի ընթացքում Արցախի պատանի քաղաքացիներին այցելել են նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչները:«Ակնհայտ է, որ դպրոցականների շրջանում մեծապես կարեւորվում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, որը հանգստի հնարավորություններից բացի ընձեռում է նաեւ հայրենաճանաչության, Հայաստանի եւ սփյուռքի իրենց հասակակիցների հետ շփման, հետագա համագործակցության լավագույն հնարավորություններ»,- նշել են Բանկերի միությունում:Երեխաներն իրենց ակտիվ հանգստի օրերին ուղեւորվել են դեպի Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար հիշարժան է դարձել նաեւ արեւածագը մոմավառությամբ դիմավորելու արարողությունը՝ Շառլ Ազնավուրի հնչյունների ներքո:«Բացառիկ հետաքրքիր տպավորություններով լեցուն ճամբարական օրերի հուշերից բացի, Արցախի երեխաներն իրենց բնակավայրեր կվերադառնան Հայաստանի բանկերի միության կողմից տրամադրված հուշանվերներով, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն նոր ուսումնական տարին պատշաճ սկսելու համար»,-ամփոփել են Բանկերի միությունում: Tweet Դիտում՝ 1617