ՀՀ բանկային շուկայում միջնորդների միջոցով ոսկու գրավով վարկերի ձեւակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը եւ դատապարտում այս երեւույթը:«Բանկը հորդորում է խուսափել երրորդ անձանց կողմից առաջարկվող միջնորդական ծառայություններից, քանի որ հայտնաբերվել են մի շարք խարդախության սխեմաներ, որոնք մեր հաճախորդներին հանգեցրել են անհուսալի իրավիճակների եւ դատական վարույթների:Սխեմաներից մեկը հետեւյալն է. ձեռք բերելով Ձեր վստահությունը ու մոլորեցնելով Ձեզ, միջնորդը (ով կարող է լինել Ձեր ընկերը կամ բարեկամը), կեղծ մատնանշելով բանկի հետ համագործակցությանը, նպաստում է Ձեր անունով ոսկու գրավով վարկ ձեւակերպելուն` գրավադնելով իր ոսկին: Վերցնելով վարկի գումարը՝ միջնորդը որոշ ժամանակ անց հայտարարում է Ձեզ, որ չի կարող մարել վարկը (կամ ընդհանրապես անհետանում է): Արդյունքում, պարտքը մնում է Ձեր անունով, եւ Դուք ներքաշվում եք դատական գործընթացներում, իսկ Ձեր վարկային պատմությունը «փչանում է»: Դատական գործընթացների ժամանակ կալանք է դրվում Ձեր հաշիվների եւ գույքի վրա, եւ Ձեր կողմից ամբողջ գումարը չվճարելու դեպքում՝ կատարողական վարույթի գործընթացում կամ սնանկության փուլում, Ձեր գույքը կարող է բռնագանձվել/վաճառվել` Ձեր պարտքը մարելու համար:Ընդգծենք, որ միջնորդը բանկի աշխատանքի կամ աշխատակիցների հետ ոչ մի առնչություն չունի:ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է, որ նման դեպքերում վարկային պարտավորությունների չկատարման եւ հետագա բացասական հետեւանքների համար պատասխանատվություն կրում եք Դուք: Բանկը որեւէ պարտավորություն Ձեր հանդեպ չի կրում»,- ասված է հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին անվերապահորեն խորհուրդ է տալիս բոլոր բանկային հարցերով, ինչպիսիք են վարկավորման, վերաֆինանսավորման եւ այլ դեպքերում անմիջապես դիմել բանկին՝ առանց միջնորդների օգնության: Հայաստանի տարածքում գործող բանկի բոլոր 71 մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստ են տրամադրել տարբեր տեսակի վարկեր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Tweet Դիտում՝ 6887