Երեւան, 14 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ-Հայաստան բանկն” այսօր ներկայացրել է իր բարեկարգված “Արմավիր” մասնաճյուղը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ՎՏԲ-Հայաստան բանկի” գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ “Արմավիր” մասնաճյուղն երկրի լավագույն մարզերից մեկում տեղակայված մեր լավագույն մասնաճյուղերից մեկն է՚: Օվսյաննիկովի խոսքերով, Արմավիրի մարզն ունի զգալի տնտեսական ներուժ, եւ բանկը հեռանկարային ծրագրեր ունի մանրածախ եւ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու վերաբերյալ: Բացի այդ, Վալերի Օվսյաննիկովը հույս է հայտնել, որ բանկի մասնակցությամբ մարզում կիրագործվեն նաեւ ներդրումային ծրագրեր: Մինչեւ տարեվերջ “ՎՏԲ-Հայաստան բանկը” նախատեսում է ավարտել մայրաքաղաքի բոլոր մասնաճյուղերի բարեկարգումը, իսկ մինչեւ 2008 թ. վերջը` բարեկարգել բոլոր մասնաճյուղերը Հայաստանի ողջ տարածքում: “ՎՏԲ-Հայաստան բանկի” մասնաճյուղային ցանցը ներառում է 89 մասնաճյուղ, որոնցից 36-ը գործում են մայրաքաղաքում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ասաց, որ մարզում ավելացող բանկային մասնաճյուղերի թիվը ուժեղացնում է մրցակցությունը, ինչից շահում են հաճախորդները: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, Վալերի Օվսյաննիկովը մեկնաբանել է “ՎՏԲ-Հայաստան բանկի” կադրային քաղաքականությունը Հայաստանի բանկային շուկա նոր դերակատարների մուտքի լույսի ներքո: “Բանկը հսկայական ուշադրություն է դարձնում կադրային ներուժին, բանկային ոլորտ մտնող երիտասարդ մասնագետներից շատերն արժանի են հետագա աճի, եւ մենք նրանց ամեն կերպ կաջակցենք”,- ասել է գլխավոր տնօրենը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6399