Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակում է մնալ անփոփոխ

11.06.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,75%:

ԿԲ-ում նշել են, որ 2019թ. մայիսին գրանցվել է 0,4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2,8%՝ պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։

Արտաքին հատվածում առեւտրային պատերազմների սրման հետեւանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական եւ թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն։ Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսեւորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»,- ասված է հաղորդագրությունում:


Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ իսկ 2019թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը:

Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետեւանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը եւ եկամուտների գնողունակության պահպանմանը:

«Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաեւ, որ գնաճի՝ կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների եւ հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են։ Դրանց ցանկացած զարգացումների ու դրսեւորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- ամփոփել են ԿԲ-ում:
Դիտում՝ 2230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW