Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր հերթական հետազոտությունը, որի շրջանակում անդրադարձել է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առեւտրաշրջանառության դինամիկային:ՀՀ առեւտրաշրջանառությունը 2018-ին ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ աճել է 34,5%-ով՝ կազմելով շուրջ $1,99 մլրդ, որը հիմնականում պայմանավորված է եղել արտահանման ծավալների աճով:«Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալների ավելի քան կրկնակի աճ է արձանագրվել՝ կազմելով $688.98 մլն, իսկ ներմուծման պարագայում ծավալների աճը 12,6% է եղել՝ կազմելով $1,30 մլրդ։Այսինքն, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում արտահանման ծավալների կտրուկ աճ է արձանագրվել»,- ասված է հետազոտությունում: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ առեւտրաշրջանառությունն անդամ երկրներից, հատկապես՝ Ռուսաստանից, էական փոփոխություն է գրանցել: Օրինակ, 2018-ին 2014-ի համեմատ դեպի ՌԴ արտահանման ծավալներն աճել են 116,22%-ով՝ կազմելով $666,50 մլն, իսկ ներմուծման ծավալները 12,03% աճ են գրանցել՝ կազմելով շուրջ $1,26 մլրդ: ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ն կարողացել է նաեւ ավելացնել արտահանման ծավալները դեպի Բելառուս, Ղազախստան եւ Ղրղըզստան 37,33%-ով՝ կազմելով $22,47 մլն, իսկ ներմուծման պարագայում՝ 34,39%-ով՝ կազմելով $42,58 մլն: «Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է կրկնապատկել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ հիմնականում դեպի ՌԴ: ԵԱՏՄ երկրների հետ 34,5% առեւտրաշրջանառության աճը պայմանավորված է արտահանման ծավալների աճով, քանի որ ներմուծման ծավալները զգալի փոփոխություն չեն արձանագրել: ԵԱՏՄ այլ անդամների երկրների հետ առեւտրաշրջանառությունն այդքան ցայտուն չի եղել։ Հետեւաբար՝ դեպի ՌԴ արտահանման ծավալների աճին զուգահեռ, ՀՀ-ն պետք է փորձի ավելացնել արտահանման ծավալները, հատկապես դեպի Բելառուս եւ Ղազախստան»,- ասված է հետազոտությունում: Tweet Դիտում՝ 2058