Հայաստանի բանկերի միությունը հարցազրույց է հրապարակել «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի ղեկավար Սմբատ Մելիքջանյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ: - Հակիրճ կներկայացնե՞ք, թե իրականում ինչ է արբիտրաժը:- Նախ նշեմ, որ անկախ պետականության կառուցման ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական իրողությունը պահանջում է ինտենսիվ կերպով ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն շուկայի ներառական եւ դինամիկ զարգացմանը: Այս առումով առեւտրային արբիտրաժը կարող է դիտարկվել որպես զարգացած շուկայի բաղադրիչ, քանի որ այն նպաստում է մասնավոր անձանց միջեւ վեճերի արագ լուծմանը եւ առեւտրային շրջանառության ակտիվացմանը: Ի տարբերություն վեճերի լուծման այլընտրանքային այլ ձեւերի՝ բանակցություններ, հաշտարարություն եւ այլն, առեւտրային արբիտրաժը վեճերի լուծման յուրահատուկ մեթոդ է: Արբիտրաժի առանձնահատկությունն այն է, որ վեճի հանձնումն արբիտրաժին կատարվում է կողմերի ազատ կամքի հիման վրա արբիտրաժային համաձայնություն կնքելով, այսինքն՝ արբիտրաժային տրիբունալը կարող է քննել վեճ, եթե առկա է կողմերի միջեւ կնքված արբիտրաժային համաձայնություն: Վեճը հանձնելով արբիտրաժի լուծմանը, կողմերը բացառում են տվյալ վեճի լուծումը պետական դատարանների կողմից, այսինքն՝ արբիտրաժն այլընտրանք է պետական դատարանների նկատմամբ: Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժը չի համարվում պետական դատական համակարգի մաս, այն վեճերի լուծման մասնավոր մեխանիզմ է: Արբիտրաժը կամ արբիտրներին ընտրում են կողմերը՝ նրանց վստահելով իրենց միջեւ ծագած վեճի լուծումը: Բացի այդ, արբիտրաժի դեպքում վեճի լուծման ընթացակարգը որոշում են կողմերը, ինչը պետական դատարաններում բավական բարդ է եւ խիստ կանոնակարգված:Արբիտրաժի կայացրած վճիռները վերջնական են կողմերի համար, սակայն կողմերի էական իրավունքների պաշտպանության առումով գործող օրենսդրությամբ նախատեսված են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքեր: - Խոսենք այն առանձնահատկությունների մասին, որոնցով արբիտրաժը տարբերվում է պետական դատարաններից:- Նախ նշեմ, որ զարգացած իրավակարգ ունեցող երկրներում արբիտրաժի տարածված լինելը պայմանավորված է այն առավելություններով, որ արբիտրաժն ունի պետական դատարանների համեմատությամբ:Առավելությունները շատ են եւ ես կնշեմ սոսկ դրանցից մի քանիսը: Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժի վճիռները կատարվում են Նյու Յորքի 1958թ. կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում՝ առանց բարդ դատավարական ընթացակարգեր անցնելու:Վեճերի արբիտրաժային քննության եւ արբիտրաժային վճիռների կայացման գործընթացում պետական դատարանների միջամտությունը սահմանափակ է: Գործող օրենսդրությամբ արբիտրաժը չի դիտարկվում որպես դատական համակարգին ենթակա ատյան եւ բացառությամբ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սպառիչ հիմքերի, արբիտրաժի գործունեությանը ցանկացած այլ միջամտություն համարվում է ապօրինի: Ի տարբերություն պետական դատարանների, արբիտրաժի դեպքում կողմերն իրենք են ընտրում արբիտրներին եւ դրանով իսկ ապահովում վեճի անաչառ եւ իրավասու լուծումը:Արբիտրաժի վճիռը վերջնական է եւ ի տարբերություն ծանրաբեռնված պետական դատարանների, դրանք կայացվում են սեղմ ժամկետներում: Օրինակի համար նշեմ, որ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի կանոնակարգով վեճի լուծման համար սահմանված է առավելագույնը 30-օրյա ժամկետ:Որպես կանոն, ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանում վեճի քննությունն իրականացվում է գրավոր (փաստաթղթային) ընթացակարգով, ինչը կողմերին հնարավորություն է տալիս խնայել միջոցներ եւ ժամանակ, քանի որ նրանք ստիպված չեն լինում ներկայանալ անընդհատ հետաձգվող դատական նիստերին եւ կատարել ծախսեր:Ընդհանուր իրավասության դատարաններում դրամական պահանջներ պարունակող հայցադիմումներով պետական տուրքը հաշվարկվում եւ գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին, մինչդեռ՝ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարան դիմելու համար արբիտրաժային վճարը գանձվում է միայն մեկ պահանջի համար: Ի տարբերություն պետական դատարանների, որտեղ դատարան տրվող հայցադիմումների համար պետական տուրքի չափը սահմանված է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, արբիտրաժային դատարանի կանոնակարգով գույքային պահանջների համար արբիտրաժային վճարը սահմանված է հայցագնի 1,5 տոկոսի չափով, սակայն ոչ ավել 1 500 000 դրամը եւ ոչ պակաս 25 000 դրամը, ինչպես նաեւ արբիտրաժն առանց վճիռ կայացնելու ավարտելու դեպքերի համար նախատեսված է արբիտրաժային վճարի մասնակի վերադարձ, որպիսի ընթացակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:- Անդրադարձ կատարենք նաեւ Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանին:- Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանը ինքնուրույն, մշտապես գործող արբիտրաժային դատարան է: Այն ստեղծվել է 2010 թվականին եւ առ այսօր քննել է ավելի քան 11 000 գործ: Արբիտրաժային դատարանն իր գործունեությունն իրականացնում է «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի, կանոնակարգի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա:Արբիտրաժային դատարանը հագեցած է անհրաժեշտ նյութական բազայով, ավտոմատացված ծրագրերով, արբիտրաժային դատարանում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, այն ունի կադրային մեծ ներուժ: Նշեմ, որ գործող արբիտրներն արհեստավարժ են, ունեն ֆինանսական վեճերի լուծման զգալի փորձառություն, ինչպես նաեւ ֆինանսական եւ իրավական ոլորտների գիտակներ են:Արբիտրաժային դատարան հիմնականում դիմում են բանկերը եւ վարկային կազմակերպությունները, ինչպես նաեւ վարկառու ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Թերեւս, արբիտրաժային դատարան կարող է դիմել արբիտրաժային համաձայնության կողմ հանդիսացող ցանկացած անձ: Պրակտիկայում ունեցել ենք դեպքեր, երբ արբիտրաժային դատարան են դիմել ֆինանսական կառույցների հետ առնչություն չունեցող անձինք, որպիսի փաստը վկայում է Հայաստանում անձանց իրավագիտակցության բարձրացման եւ արբիտրաժի նկատմամբ վստահության ձեւավորման մասին: - Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում արբիտրաժի զարգացման առումով, որո՞նք են առաջիկայի ծրագրերն ու հիմնական առաջնահերթությունները:- Արբիտրաժի հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը նպաստավոր հիմք է արբիտրաժի զարգացման համար։ Առաջիկայում ծրագրում ենք ներդնել եւ կիրառել փաստաթղթերի թվայնացման համակարգ, ինչը կողմերին հնարավորություն կտա ոչ միայն բոլոր փաստաթղթերն արբիտրաժային դատարան ուղարկել էլեկտրոնային եղանակով, այլեւ այդկերպ մշտադիտարկում իրականացնել արբիտրաժային գործի ողջ ընթացքի նկատմամբ: Tweet Դիտում՝ 2720