Ամփոփվել է «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագիրը

30.05.2019 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իմ ֆինանսների ամիս #Արմենուհի Մկրտչյան #Արմենակ Դարբինյան
Այսօր ամփոփվել է «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ ֆինանսական թեմաների վերաբերյալ։

Ծրագրի նպատակն է տեղեկատվական եւ ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել քաղաքացիներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ այս տարի ծրագրի նկատմամբ արձանագրվել է մեծ ակտիվություն եւ ներգրավվածություն։

««Ֆինշաբաթի» ծրագրի ներքո մեր քաղաքացիները ցանկություն են հայտնել լսել սեմինարներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կենսաթոշակային ակտիվների կառավարումը, ֆինանսական ոլորտում իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, բիզնեսի կառավարումը, վարկերի փաստացի եւ անվանական տոկոսադրույքների ձեւավորումը եւ այլն»,- ասել է Արմենակ Դարբինյանը։


ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն էլ իր գոհունակությունն է հայտնել ծրագրի արդյունքներից։

«Մասնակցությունը շատ մեծ է եղել։ Հարցերի բովանդակությունը՝ նախորդ տարիների համեմատ, ավելի խորքային է եղել։ Հիմա քաղաքացիները սկսել են ավելի մանրամասն եւ գործնական հարցեր տալ, օրինակ՝ ներդրումները որտեղ անել, ինչպես սկսել սեփական բիզնեսը, ինչպես տարանջատել փաստացի տոկոսադրույքը անվանականից եւ այլն»,- նշել է Արմենուհի Մկրտչյանը։

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ մարդկանց շատ են հետարքրքում նաեւ կրիպտոարժույթները, «ինչը մտահոգիչ է»։

«Կրիպտոարժույթը ֆինանսական խարդախությունների սխեմա է: Այն մասնավոր անձի կողմից թողարկված փող է, մինչդեռ շատերը կարծում են, որ հուսալի է։ Մենք կոչ ենք անում հնարավորինս զերծ մնալ նման գործարքներից»,- հայտարարել է Արմենուհի Մկրտչյանը:

«Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի ամբողջ ընթացքում 33 գործընկերների հետ իրականացվել է շրջագայություն 11 ֆինանսական կառույցներով, 15 սեմինար, 4 բաց դռների օր։

«Ֆինմարզում» ծրագրի ներքո Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ անցկացվել է 10 սեմինար-քննարկում Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Իջեւանում։ Իրականացվել է ֆինանսատնտեսական խաղ-մրցույթը, որին մասնակցել են աշակերտներ Հայաստանի 10 մարզերի եւ Երեւանի դպրոցներից, ինչպես նաեւ երկու մրցույթ։
Դիտում՝ 3280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW