«Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն այս տարի կանցկացվի «Գտե՛ք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո:ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն այսօր նշել է, որ ավանդական դարձած միջոցառման նպատակը մեկն է՝ հանրությանը ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ գիտելիքներ տրամադրել։ «Այս տարի ծրագրի միջոցառումներն ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի եւ հմտությունների զարգացմանը, հետեւյալ 7 թեմաներով՝ կարեւոր տնտեսական ցուցանիշներ, անձնական բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ ու խարդախություններ»,- տեղեկացրել է Արմենակ Դարբինյանը։ ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ այս ամենն իրականացվելու է տնտեսական խաղերի, ինտերակտիվ մրցույթների, ֆինանսական կառույցներում տարբեր հանդիպումների միջոցով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն մայիսի վերջին։ «Հուսով ենք, որ ինչպես միշտ, այս տարի եւս, մեր առջեւ դրված խնդիրներն ու նպատակները կլուծենք»,- ասել է ԿԲ խորհրդի անդամը։ Արմենակ Դարբինյանն ընդգծել է, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ դաշտը բավական մեծ է եւ ամենօրյա ջանքեր է անհրաժեշտ՝ հանրության շրջանում ֆինանսական կրթության մակարդակը բարձրացնելու համար։ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը տեղեկացրել է, որ բացի յոթ թեմատիկ ուղղություններից, լինելու են նաեւ գիտելիքի, հմտությունների, վերաբերմունքի եւ վարքագծի փոփոխություններին նվիրված միջոցառումներ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում իրականացվելու է 5 շրջագայություն, 13 սեմինար, 2 մրցույթ, 4 բաց դռների օր, 1 ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ:Այս տարի «Ֆինշաբթի» ծրագրով հետաքրքրվողները հնարավորություն կունենան մասնակցելու առաջատար մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ընտանեկան բիզնես, սահմանափակ ռեսուրսներով առավելագույն եկամտի ստացում, ժամկետանց վարկերի չափման գործակիցներ, ֆինանսական ոլորտում իրավունքների եւ շահերի պաշտպանություն:Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով ծրագրի մասնակիցները կշրջեն երկհարկանի կարմիր ավտոբուսով եւ յուրաքանչյուր այցելության ժամանակ կհյուրընկալեն 3 ֆինանսական կառույց։Ֆինանսատնտեսագիտական խաղ մրցույթը (Brain-Ring) այս տարի եւս կիրականացվի եւ ընդգրկի հանրապետության բոլոր մարզերը: Մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի ընթացքում մարզերի ներկայացուցիչ թիմերը կմրցեն միմյանց հետ՝ վաստակելու ֆինանսատնտեսագիտական ոլորտում ամենագիտակ թիմի կոչումը:Կկազմակերպվեն բաց դռների օրեր կենսաթոշակային կառավարիչների մոտ եւ մի շարք մրցույթներ։ Tweet Դիտում՝ 3020