Ավստրիական զարգացման բանկը (OeEB) եւ Ամերիաբանկը $30 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել: Ամերիաբանկում նշել են, որ վարկային միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: «Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաեւ թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական եւ միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների եւ բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ՝ Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2013-ին: Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելն Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների համար՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաեւ զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը: «Էներգետիկ եւ ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր եւ Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել եւ շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը: Tweet Դիտում՝ 15525