Տնտեսական աճից, ներդրումների խթանումից մինչեւ սպառողների շահեր

03.05.2019 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #տնտեսական աճ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփել է 2019թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքները եւ ներկայացրել առաջիկա անելիքները։

Տնտեսական ակտիվություն

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ արձանագրվել է 6,5% տնտեսական ակտիվություն։ Միջին հաշվով՝ դա համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին՝ որոշ դեպքերում՝ բարձր է, որոշ դեպքերում՝ ցածր:


6,5% տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2%-ով, որը համեմատաբար ցածր է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշներից։ Դա բացատրվում է նրանով, որ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20%-ով, քանի որ մետաղների միջազգային գներն ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում:

Այդ անկման ֆոնին, սակայն, արագ է աճել մշակող արդյունաբերությունը:

Բավական լավ տեմպերով աճում են նաեւ ֆինանսական եւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունները:

Ներքին առեւտրաշրջանառությունը 10%-ը գերազանցող ցուցանիշ է գրանցել, ինչը համադրելի է նախորդ տարիների արդյունքների հետ:

Շինարարության ծավալի աճը նախորդ տարվա երեք ամիսների նկատմամբ կազմել է 10,8 %։


Արտահանման կրճատում մի շարք ոլորտներում

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է 8,6%-ով, իսկ ներմուծումը՝ 3,1%-ով։

Խոշոր նվազում արձանագրած ցուցանիշներից մի քանիսը վերաբերում են լեռնահանքային ոլորտին: 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան $51 մլն-ով, որից $20 մլն-ը միայն խտանյութերի նվազումն է:

Որոշակիորեն կրճատվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտահանումը՝ նախորդ տարվա համեմատ: Սա սեզոնայնության հետ կապ ունի:

Ծխախոտի արտահանման գծով առկա է նվազում, սակայն կա հավաստիացում, որ մյուս ամիսներին բացը կլրացվի:

Ալյումինե փայլաթիթեղի արտահանումն է որոշակի նվազում ունեցել, որը պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում ռուսական արտադրողի նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում:

Այդուհանդերձ, նախատեսում ենք, որ այս տարի արտահանման 7-8% աճ կապահովենք։

Ներդրումների ավելացման խթանում

2019թ. արդյունքներով՝ մենք ցանկանում ենք ՀՆԱ-ի նկատմամբ 20%-ը գերազանցող ներդրումներ ունենալ, սակայն այսօր դեռեւս 17%-ի սահմաններում ենք։


Ունենք շատ բարդ ճանապարհ։ Լավ ցուցանիշներ գրանցելու համար օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուց բացի, մեր հասարակության շրջանում պետք է խնայողություններ կուտակելու եւ դրանք շրջանառության մեջ դնելու վարքագիծ ձեւավորվի։

Սպառողների շահերի պաշտպանություն

Օրենքի պարտադիր նորմ է դառնալու այն, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի տեղեկատվական թերթիկ փակցնի երեւացող տեղում, որով կպարտավորվի երկու շաբաթվա ընթացքում ապահովել ապրանքի վերադարձը կամ փոխանակումը, որպեսզի այն չդառնա հայեցողական կամայականության պատճառ:


Առաջիկայում նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Դիտում՝ 1663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW