ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

19.04.2019 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ESMT #IDeA
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացվող ծրագրի շրջանակում Բեռլինի Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ուսանողները մարտի 31-ից մինչեւ ապրիլի 8-ն ուսումնական այցով Հայաստանում էին:  

2018թ. դեկտեմբերին IDeA-ն հայտարարել էր ESMT բիզնես դպրոցի հետ համագործակցության մեկնարկի մասին, ըստ որի՝ ծրագրերի կառավարման մասնագիտացում ստացող ուսանողները ներգրավվել են Գյումրիում IDeA-ի կողմից իրականացվող «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման նախագծում։


IDeA-ում նշել են, որ զբոսայգու վերակառուցման գաղափարն արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն բոլոր երկրներին ու ազգերին, որոնք 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք են մեկնել Հայաստանին։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Բարեկամության» զբոսայգին, եւ այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության եւ պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները մեկ շաբաթ անցկացնել են Գյումրիում, այցելել քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, շրջել «Բարեկամության» զբոսայգում, եղել քաղաքային շուկայում, հանդիպել Գյումրիի երիտասարդների, ճարտարապետների, վարպետների, քաղաքի ձեռներեցների ու խոստումնալից ստարտափերի հեղինակների հետ։ Այցի արդյունքներով ուսանողները կմշակեն ու IDeA-ին կառաջարկեն բիզնես գաղափարներ ու լուծումներ  «Բարեկամության» զբոսայգու հայեցակարգի համար։


«Մենք անհամբերությամբ սպասում ենք Գյումրի այցելած ուսանողների խոստումնալից գաղափարներին, որոնք կլրացնեն մեր հիմնադրամի կողմից արդեն արված աշխատանքները եւ կամբողջացնեն այգու հայեցակարգը»,- նշել է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

ESMT դպրոցում սովորող, ազգությամբ պակիստանցի Սայեդ Ահմադ Նամիրն առաջին անգամ է Հայաստանում։

«Առաջինը, ինչն ինձ տպավորեց Գյումրիում, մարդկանց հումորն էր եւ հյուրընկալությունը։ Մարդիկ բարի են, բաց են զբոսաշրջիկների առջեւ։ Տեղացիների հետ մեր հանդիպումներից մեզ համար պարզ դարձավ, որ նրանք ցանկանում են մասնակցել քաղաքի վերափոխմանը։ Հուսով եմ, որ մեր այցի արդյունքում պատրաստվելիք  ուսումնասիրությունն օգտակար կլինի զբոսայգու բիզնես մոդելի ձեւավորման համար»,- ասել է Սայեդ Ահմադ Նամիրը։
Դիտում՝ 7817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW