IDeA-ն կհամագործակցի եվրոպական առաջատար բիզնես դպրոցի հետ

24.12.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDeA
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ Բեռլինի Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT)  կհամագործակցեն Գյումրիում IDeA հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շրջանակում։

Դեկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած «Ավրորա երկխոսություններ» միջոցառման ընթացքում IDeA հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ու Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT) նախագահ Յորգ Ռոխոլը հայտարարել են երկու կառույցների միջեւ համագործակցության մեկնարկի մասին:

2019թ. ապրիլին ESMT դպրոցի կառավարման ոլորտի մագիստրոս ուսանողների մի խումբ կմասնակցի Գյումրիում իրականացվող նախագծի մշակմանը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, եւ այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։

Այս նախաձեռնությունը կնպաստի Գյումրիի վերափոխմանը եւ կօգնի ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության եւ պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Բեռլինում հիմնադրված Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը միջազգային բիզնես դպրոց է, որտեղ սովորում են տաղանդավոր ուսանողներ աշխարհի  տարբեր երկրներից։ Նրանք բարձր որակավորում ունեն, եւ պատրաստ են պայծառ գաղափարներն ու կառավարման ոլորտի գիտելիքները ներդնել Գյումրիում IDeA-ի ծրագրերի իրականացման համար»,- ասել է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
 
IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները կիրառել նախագծի ուսումնասիրության, սոցիալական ազդեցության գնահատման, ֆոնդահայթայթման ռազմավարության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ծրագրերի կառավարման ընդհանուր փորձի բարելավման ուղղությամբ։        

«Այս ծրագիրն առնչվում է նրան, թե ինչպես ուղիներ գտնել Գյումրի քաղաքում լքված հասարակական տարածքն արդյունավետ օգտագործելու համար։ Մագիստրատուրայում սովորող մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարածաշրջանում ամենահավակնոտ քաղաքաշինական ծրագրին»,- ասել է ESMT-ում դիպլոմային ծրագրերի գծով դեկանի տեղակալ Նիկ Բարնիվիլը։
Դիտում՝ 1428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai