Զբոսաշրջիկներն ավելացել են, կատարած ծախսերը՝ նվազել

16.04.2019 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր հերթական հետազոտությունը, որի շրջանակում պարզել է՝ ինչ միտումներ են արձանագրվել զբոսաշրջության ոլորտում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

2018-ին Հայաստան է այցելել 1 651 782 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 10,5% աճ, մինչդեռ 2017-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկները գերազանցել էին 2016-ի ցուցանիշը 18,7%-ով: Ստացվում է, որ արձանագրվել է աճ, սակայն աճի տեմպը 2017-ի նկատմամբ նվազել է 8,2 տոկոսային կետով:

Զզբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ սեգմենտը շարունակում է մնալ Ռուսաստանից (21%) եւ ԱՄՆ-ից (13.9%), որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են:

2018-ի այցելությունների կառուցվածքում երրորդ տեղում Իրանն է (6,8%), ընդ որում՝ Իրանից զբոսաշրջային այցելությունների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 50%-ով:

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-2018-ին` ըստ 4 եռամսյակների



Չնայած Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է, սակայն մեկ այցելուի հաշվով երկրում կատարված ծախսերը 2018-ի չորս եռամսյակների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:

Մեկ զբոսաշրջիկի հաշվով ՀՀ-ում կատարված ծախսերը 2017-2018-ին՝ ըստ 4 եռամսյակների (ԱՄՆ դոլար)


Փաստորեն, զբոսաշրջիկների թիվն ավելի արագ է աճել, քան զբոսաշրջությունից ստացված եկամուտները։ Այս երեւույթը կարելի է բացատրել մի քանի հանգամանքով. բացատրություններից մեկն այն է, որ այցելուների թվաքանակի մեջ մեծ է սփյուռքահայերի քանակը, որոնք գերադասում են մնալ ավելի մատչելի հյուրանոցային օբյեկտներում կամ հարազատների եւ բարեկամների տանը: Բարեկամի եւ հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում տեղավորվել են ժամանած զբոսաշրջիկների շուրջ 81%-ը: Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այցելության տեւողության հետ, երբ զբոսաշրջիկներն ավելի քիչ օրեր են անցկացնում Հայաստանում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների կողմից Հայաստանում կատարած ծախսերի ծավալին, 2018-ին զբոսաշրջիկների կողմից կատարվել է $1,2 մլրդ-ի ծախս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,8%-ով: Ընդհանուր ծախսերի 89,5%-ը բաժին է ընկել անձնական ծախսերին, իսկ 10,5%-ը՝ գործնական ծախսերին:


«Ամփոփելով նշենք, որ զբոսաշրջիկների քանակ-ծախսեր համամասնությունը չի պահպանվել՝ զբոսաշրջիկներն ավելացել են 10,5%-ով, իսկ նրանց բերած եկամուտը՝ ընդամենը 7,8%-ով: Սա նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքում նպատակային մարքեթինգային քաղաքականության բացակայության պարագայում, երբ զբոսաշրջիկներն ավելանում են, սակայն ավելի քիչ գումար են բերում՝ ի չիք է դառնում ոլորտի մուլտիպլիկատիվ սոցիալ-տնտեսական ազդեցության էֆեկտը»,- եզրահանգել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:

Դիտում՝ 3196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW