ՀԲԸՄ Հայաստանը, «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, կընդլայնի իր «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ այն հասանելի դարձնելով նաեւ Արցախի կանանց համար: ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագծի շրջանակում իրականացվող այս ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017թ.՝ խթանելու կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը: «Ցանկացած երկրի զարգացում մեծապես պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներով, տնտեսական ակտիվությամբ: Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը այն հիմնական գործիքներից են, որոնք օգնում են ստեղծել հավելյալ արդյունք, զարգացնել տնտեսությունը: Այդ իսկ պատճառով մենք պատրաստակամությամբ միանում ենք ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը՝ աջակցելով Արցախի կին գործարարների՝ ֆինանսների եւ ձեռնարկատիրության ոլորտում գիտելիքների խորացմանը»,- ասել է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի Խորհրդի, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակցությունը հայ կանանց համար եւս մեկ հնարավորություն է ավելի արդյունավետորեն ներգրավվելու տնտեսության զարգացման ազգանվեր գործին:Կրթական, դրամաշնորհների տրամադրման եւ մասնագիտական ուղղորդման փուլերից բաղկացած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը, «Ֆրութֆուլ Արմենիայի» աջակցությամբ, Արցախում կմեկնարկի հունիսին: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի համոզմամբ՝ միայն կանանց կարողությունների ամրապնդման եւ նրանց դերակատարության արժեւորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ եւ բարգավաճել: «Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք եւ հավասար մասնակցության միջոցով»,- նշել է Վազգեն Յակուբյանը: Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների եւ ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու եւ այն հաջողությամբ զարգացնելու համար:Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել փոքր դրամաշնորհ ստանալու եւ ուղղորդման փուլում օգտվելու մեկ տարի տեւողությամբ բիզնես խորհրդատվությունից, տարաբնույթ մասնագիտական եւ բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորությունից: Tweet Դիտում՝ 9434