Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին»՝ շուրջ $500 մլն՝ կայուն եւ ներառող աճին եւ երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:«Նոր «Երկրի գործընկերության շրջանակը» լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական եւ քաղաքացիակենտրոն Հայաստանի: Այն հիմնվում է 2018թ. գարնան «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա եւ մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման եւ բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը եւ մարդկային կապիտալին ուղղված ներդրումների միջոցով:Ծրագրի իրականացմամբ արդյունավետորեն կօգտագործվեն Համաշխարհային բանկի կառույցների՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) եւ Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) փոխլրացնող ուժեղ կողմերը»,- ասված է հաղորդագրությունում: «Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի եւ լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու եւ համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում. - Արտահանումը հնարավոր դարձնող գործոնների եւ ընկերությունների մրցունակության խթանում,- Մարդկային կապիտալի եւ հավասարության բարելավում, - Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների կայուն կառավարում: «Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ռազմավարական ծրագրի մշակումն իրականացվել է շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ զարգացման գործընկերների հետ ծավալուն քննարկումների միջոցով»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը: ՄՖԿ-ն, որի ուշադրության կենտրոնում մասնավոր հատվածի զարգացումն է, կշարունակի մասնավոր ֆինանսավորման ներգրավումը եւ ՀԲԽ-ի միջոցով համագործակցությունը Հայաստանի էնեգետիկայի ոլորտի արդիականացմանն աջակցելու համար՝ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար: ՄՖԿ-ն կօժանդակի նաեւ կառավարության ջանքերին մրցակցությունն ավելացնելու եւ տնտեսությունն արտաքին ներդրումների համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ուղղակի ֆինանսավորում տրամադրելով ընկերություններին եւ օժանդակելով արտահանման ուղղվածությամբ ճյուղերի զարգացմանը: ՄՖԿ-ն կշարունակի աշխատել ֆինանսական միջնորդների հետ՝ ընդլայնելով միջին եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման եւ առեւտրի խթանման նրանց կարողությունները:«ՄՖԿ-ն ողջունում է Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար հասանելի դարձնելն ու նոր հնարավորությունների ստեղծումը: Մենք մեր դերը պատկերացնում ենք առանցքային ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի, մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցությունը խթանելու մեջ՝ շարունակելով աջակցել երկրին բնակչության կենսամակարդակի բարելավման ճանապարհին»,- ասել է ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը: Tweet Դիտում՝ 8942