Հայկական ատոմային կայանի (ԱԷԿ) տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանն այսօր ասել է, որ կայանի արդիականացման եւ վերակառուցման աշխատանքները 2019 թվականի ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ծավալով, որի արդյունքում հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի աստիճանաբար նվազում։«2019 թվականը ամենածանր տարին կլինի, քանի որ նախատեսվում է էլեկտրատեխնիկական սարքավորումների, անվտանգության համակարգերի արդիականացում ռեակտորային եւ տուրբինային մասերում»,- ասել է նա՝ հանդես գալով «Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ, իսկ դրա անվտանգությանը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին։Գերա Սավիկյանը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին կկանգնեցվի առաջին տուրբոագրեգատը, իսկ հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը եւ մյուս տուրբոագրեգատը։«Ռեակտորը գործի դնելուց հետո առաջին կանգնած տուրբոագրեգատը կմիանա եւ այդպես կաշխատենք մինչեւ երկրորդի արդիականացման աշխատանքների ավարտը»,- հայտնել է Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդականը։ Ռեակտորը կանգնելու է 110 օր, ինչը, Գերա Սավիկյանի խոսքով, մեծ ազդեցություն չի ունենա ընդհանուր ցանցի վրա։Նա նշել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման աշխատանքներից հետո, ակնկալվում է էլեկտրաէներգիայի սակագնի աստիճանական նվազում։«Այսօր արտադրում ենք 390-400 մեգավատ հզորությամբ էներգիա, հույս ունենք մյուս տարի կհասնի 420, իսկ 2021 թվականին՝ 450-ի։ Երբ հասնենք այդ հզորության, հուսով ենք՝ սակագինը կամաց-կամաց կիջնի»,- նշել է նա։ Tweet Դիտում՝ 7297