Ներկայացվել են աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ինտեգրման խնդիրները
18.03.2019 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մանկավարժական համալսարան


Բուհի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը եւ փիլիսոփա Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել են, որ տվյալ տարվա շրջանավարտների 66,5%-ն ապահովված է աշխատանքով. ի դեպ, տղամարդիկ՝ 100%-ով, իսկ կանայք՝ 64,4%-ով:
Ըստ երեք ֆակուլտետների՝ 72,7% ցուցանիշով աշխատանք ունեն ավելի շատ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտները:
Անդրադառնալով չաշխատելու պատճառներին՝ բանախոսներն առանձնացրել են անհատական, ընտանեկան դրդապատճառները (24%), մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքի բացակայությունը, ինչպես նաեւ վարձատրության գրավիչ չափն ու ուսումը մագիստրատուրայում շարունակելու հանգամանքը:
Սոցիոլոգիական հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաեւ շրջանավարտների աշխատանքային զբաղվածության նկարագիրը՝ բուհում ստացած մասնագիտությանը համապատասխանելու տեսանկյունից:
Գիտակրթական ոլորտ, ծառայություններ, առեւտուր, ֆինանսական ոլորտ, մշակութային հաստատություններ եւ այլն. սրանք տնտեսության այն ոլորտներն են, որտեղ լուծվել է հարցմանը մասնակցած երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրը:
Հարցման տվյալներում առավել ուշագրավ են աշխատանք գտնելու հարցում վճռորոշ դեր ունեցած գործոնները. 40,3%-ով առաջին տեղում անձնական նախաձեռնությամբ հիմնարկություններ այցելելն է, ծանոթների, ընկերների խորհուրդներն ու առաջարկները, ինչպես նաեւ ուսումնական պրակտիկաների արդյունքում ձեւավորված կապերը, իսկ նվազագույն արդյունքով՝ 1,6%-ով գործատուի նախաձեռնությունն ու առաջարկն է:
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ շուկայական կամ ազատական տնտեսության ճանապարհն ընտրած երկրների համար մասնագիտական կրթության գերխնդիրների շարքում շուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ պատրաստելու հարցն է, ինչն ավելի հեշտ է կենտրոնացված տնտեսություն ունեցող երկրների համար:
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ աշխատաշուկայում ներգրավման տեմպերն ու հնարավորությունները գնալով ավելի են պայմանավորվում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակով, ինչի շնորհիվ նվազում է ծանոթ-բարեկամների խորհուրդների, առաջարկների եւ միջնորդությունների դերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: