ԿԲ-ն՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների մասին

15.03.2019 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #ՄԱՆԻՎԱԼ
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ ՝ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության եւ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008թ.։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007թ.։

Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ եւ 38-րդ հանձնարարականները եւս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։

Հարկ է նշել, որ նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Մասնավորապես՝

- Եվրոպայի խորհրդի կողմից 2016թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված  ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:

- Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու եւ առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:

Կարեւոր է արձանագրել, որ նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային եւ մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում եւ այլն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռեւս 2016 թ-ի ապրիլին «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջեւ խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը եւ Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. նոյեմբերին։

Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով»:
Դիտում՝ 1964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW