Երեւանում մարտի 12-ին մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաեւ երկկողմ առեւտրատնտեսական գործակցության հնարավորությունները եւ հեռանկարները։«Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Նրանց կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ եւ ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ, բուլղարացի դիստրիբյուտորներին եւ ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ GSP+ համաձայնագիր ունի եւ հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ InvestBulgaria գործակալության մարքեթինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրեւան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։Համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 150 գործարար Հայաստանից եւ Բուլղարիայից։Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձեւաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի եւ Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը եւ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակությամբ։ Tweet Դիտում՝ 1381