Նախարարությունը կքննարկի գազավորված ըմպելիքներ արտադրողների առաջարկները

11.03.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Պողոսյան #գազավորված ըմպելիքներ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ:

Նախարարությունում նշել են, որ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին:


«Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով. առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը: Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում:

Արման Պողոսյանի խոսքով՝ առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ: Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկում են վերադառնալ նախագծի նախնական տարբերակին, այսինքն` ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ եւ մարտի 12-ին արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին:
Դիտում՝ 3275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW