ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով մեկնաբանել է ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ լիտվական «Ուկիո» բանկի միջեւ իրականացված գործարքները։ Ըստ հաղորդագրության, ՀՀ ԿԲ վերահսկողության ու կարգավորման ներքո գործող բոլոր բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելով ինչպես ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային պրակտիկայում ընդունված կանոնները։ «Նշված ոլորտում միջազգային ստանդարտներ սահմանող Ֆինանսական միջոցառումների հանձնախումբը (ՖԱԹՖ) կիրառում է դրանց իրագործման արդյունավետության գնահատման որոշակի չափանիշներ։ Հայաստանը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին իրականացված գնահատման եւ 2018 թվականին ներկայացված առաջընթացի հաշվետվության արդյունքներով ՖԱԹՖ-ի մեթոդաբանության համապատասխան չափանիշով գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր՝ ներկա պահի դրությամբ ընդգրկված լինելով նույն մեթոդաբանությամբ գնահատված շուրջ յոթ տասնյակ երկրների լավագույն հնգյակում։ «Ուկիո» բանկի գործունեության եւ դրա միջոցով 2000-ականներին իրականացված ֆինանսական գործարքների վերաբերյալ նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն գործակցել է իր օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման միջոցով, եւ ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։ Նշենք նաեւ, որ «Ուկիո» բանկի գործունեությունը դադարեցվել է 2013 թ-ին: Tweet Դիտում՝ 2091