ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է ՀՀ միջազգային պահուստների կառավարման ռազմավարությունը։Ըստ ԿԲ-ի, այն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը։«ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման եւ վերլուծության համար կարեւոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված եւ զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից: ՀՀ միջազգային պահուստները 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ $55 մլն չափով: 2018 թ-ի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման եւ սպասարկման համար զուտ վճարված շուրջ $200 մլն-ը:ՀՀ ԿԲ այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ եւ այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով:Միաժամանակ, կարեւոր է նշել, որ միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով: ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով:Նաեւ որպես այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը եւ գնահատականը։ Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը՝ կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլ նաեւ ավելի բարձր է գնահատվում հարեւան երկրների համեմատ:Ֆինանսական շուկաներում ձեւավորված միտումների եւ ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 3038