Երեւան, 14 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայփոստի” կարեւորագույն խնդիրներից է մարդկային կապիտալի ստեղծումը, որը կապահովի ընկերության բարձր վարկանիշն ու հեղինակությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է “Հայփոստի” գլխավոր տնօրեն Հանս Բոոնը` ներկայացնելով ընկերության կադրային եւ սոցիալական քաղաքականությունը: Ինչպես հայտնել է Հանս Բոոնը, այսօր մեկնարկում է արհմիության հետ պաշտոնական բանակցային փուլը, որի արդյուքներով կկնքվի երեք տարվա աշխատանքային կոլեկտիվ համաձայնագիր, որի հիմքում դրված կլինեն սոցիալական պատասխանատվության սկզբունքները: Բոոնի խոսքերով, այն աշխատակիցները, որոնք ունեն “Հայփոստում” աշխատելու իրական ցանկություն եւ ունակություն, ապահովված կլինեն վստահելի աշխատատեղով: “Հայփոստի” վերափոխումներն ուղղված կլինեն դեպի աշխատակիցների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ներառյալ սոցիալական եւ ապահովագրական փաթեթի տրամադրումը: “Հայփոստը” նաեւ վարում է իր աշխատակիցների համար կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքներ` ներառյալ մասնավոր կենսաթոշակային ապահովագրոթյունը: “Հայփոստում” աշխատանք է տարվում կադրերի վերապատրաստման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, իսկ որոշակի դեպքերում աշխատակիցները հնարավորություն կստանան վերապատրաստվել միջազգային ծրագրերի շրջանակներում: Խոսելով վերջին կադրային կրճատումները մասին, Հանս Բոոնն ընդգծել է, որ “Հայփստից” ազատվել են ուղիղ 100 աշխատակիցներ, եւ ոչ թե 200, կամ ավելին, ինչպես ներկայացնում էին որոշ ԶԼՄ-ները, եւ այդ կրճատումները մեծ մասամբ պետք է դիտարկել որպես կարգապահական միջոցառումներ: “Հիմնականում դրանք այն անձինք են, ովքեր գործում էին “Հայփոստի” եւ ընկերության կողմից վարվող թափանցիկ քաղաքականություն դեմ”,- ընդգծել է Հանս Բոոնը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում “Հայփոստի” եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են 40%-ով: Սակայն, նշել է Հանս Բոոնը, “ընկերությունը դեռեւս շատ եկամտաբեր չէ, քանի որ անցկացվող բարեփոխումները ծախսեր են պահանջում”: 2006 թ. նոյեմբերի 30-ին հայկական ազգային փոստային օպերատոր “Հայփոստ” ՓԲԸ հավատարմագրային կառավարումը հանձնվեց հոլանդական “Հայփոստ Թրաստ Մենեջմենթ” ընկերությանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6149