Զանգեզուրի ՊՄԿ-ն «միշտ պահպանում է սոցիալական ծրագրերին ուղղվող հատկացումները»

25.02.2019 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զանգեզուրի ՊՄԿ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վերջին շրջանում ընկերությանը եւ նրա կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրին առնչվող հրապարակումներին:  

«Խիստ մտահոգիչ է հատկապես տեղեկատվություն տարածողների անիրազեկվածության մակարդակը, ինչն, առաջին հերթին, անարգանք է լսարանի նկատմամբ: Օրինակ, վկայակոչվում են ընկերության կողմից 2017 եւ 2018 թվականներին վճարված հարկերի վերաբերյալ տվյալներ, դատողություններ են կատարվում այդ պարտավորությունների ձեւավորման ճանապարհների, ընկերության ստացած եկամուտների մասին՝ տեղյակ չլինելով անգամ հանրային հարթակներում հասանելի աղբյուրներում տեղադրված տվյալներին:

Մասնավորապես, 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ (EITI) առաջին զեկույցը` 2016 եւ 2017 թվականների համար, որը պարունակում է բավականին մանրամասն տվյալներ՝ ընկերության նշված տարիների գործունեության մասին (արտադրության եւ իրացման ծավալներ, արտահանում, վճարված հարկեր, բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ, սոցիալական եւ բարեգործական հատկացումներ եւ այլն) (հասանելի է www.eiti.am կայքում): Այդ տվյալները անկախ աուդիտորի («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ) կողմից համադրվել են նաեւ պետական իրավասու մարմինների ներկայացրած համարժեք տվյալների հետ՝ ապահովելով դրանց բազմակողմանիությունը եւ արժանահավատությունը:

Միեւնույն ժամանակ, նպատակ ունենալով տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ բարձրաձայնված որոշ հարցերի վերաբերյալ, պարզաբանում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը յուրաքանչյուր տարվա համար հարկերը հաշվարկում եւ վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կանխավճարներ եւ վերջնավճարներ կատարելու միջոցով:

Ընդ որում, համապատասխան հարկման բազայի ձեւավորումը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալներով եւ մետաղների միջազգային շուկայում ձեւավորված գներով:

Տվյալ պարագայում, 2018 թվականի վճարված հարկի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առեւտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների եւ 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը»,- ասված է հայտարարությունում:

Ընկերությունում ընդգծել են, որ միշտ պահպանել են սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող հատկացումները. այդ նպատակներով ընկերությունը տարեկան տրամադրում է մոտ 5 միլիարդ դրամի չափով գումար:

«Ընդ որում, դրանք չեն ներառում մարզի զարգացմանն ուղղված այնպիսի խոշոր բարեգործական ծրագրերին հատկացումները, ինչպիսիք են, օրինակ, Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված եւ ուղղվելիք ծախսերը:

Ելնելով որդեգրված սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներից՝ իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որպես կանոն, հանրայնացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր նվազագույն տեղեկատվությունը, չցանկանալով դրան գովազդային երանգ տալ: Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաեւ հետայսու:   
 
Ինչեւէ, հակված չենք բանավեճի բռնվելու եւ համարժեք հռետորաբանությամբ արձագանքելու բոլոր մտացածին հայտարարություններին ու հրապարակումներին, սակայն պատրաստ ենք եւ ունակ ենք բոլոր հարթակներում սահմանված կարգով պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա տքնաջան ու նվիրական աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի (ավելի քան 4 500 հոգի) իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը եւ արժանապատվությունը»,- ամփոփել են ընկերությունում:
Դիտում՝ 1706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW