Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերն առավել խորացնելու նպատակով, մեկնարկում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր (GEFF), որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից:ՎԶԵԲ-ը եւ Կանաչ կլիմայի հիմնադրամն Արմսվիսբանկին տրամադրել են €2,5 մլն վարկ՝ փոքր բիզնեսներին վարկավորելու նպատակով եւ շարունակելու են իրենց աշխատանքը Ամերիաբանկի հետ: Արմսվիսբանկին տրամադրված €2,5 մլն վարկավորումից կարող են օգտվել փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ կորպորատիվ ընկերությունները: Արմսվիսբանկը GEFF-ի ծրագրին միացող երկրորդ բանկն է՝ Ամերիաբանկի վարկային գծի հաջողակ մեկնարկից հետո: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանն ադապտացման եւ մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արեւային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը եւ արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել եւ գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները: Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաեւ հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պարգեւավճար ստանալուն: Լուսանկարը՝ ՎԶԵԲ GEFF-ը ներառում է նաեւ համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ:Ծրագիրը նպաստելու է Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը՝ համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցման:«Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը եւ կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի եւ Արմսվիսբանկի հետ՝ նպաստելով էներգաարդյունավետ եւ ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Այսօր, համագործակցություն հաստատելով Արմսվիսբանկի հետ, որը հայտնի է որպես կայացած հաճախորդների բազա ունեցող բանկ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում»,- ասել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:Փետրվարի 19-ին, Հայաստանում GEFF-ի նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումից բացի, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին իր Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակում:2013-ից՝ ծրագրի մեկնարկից ի վեր, հայկական ընկերությունները ստացել են ավելի քան €27 մլն «կանաչ ֆինանսավորում»:Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝ «Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետեւյալ ընկերություններին՝- «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ, - «Գրանդ սպորտ» ՍՊԸ,- «Լենտեքս» ՍՊԸ,- «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,- «Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,- «Արմսվիթ» ՍՊԸ: Լուսանկարը՝ ՎԶԵԲ «Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակներ են շնորհվել՝- Ամերիաբանկին՝ ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար,- «ԱԳԲԱ Լիզինգ»-ին՝ վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար, - Ինեկոբանկին՝ տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար, - Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար, - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,- Արմսվիսբանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,- «ՍԵՖ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար:2006-ից ՎԶԵԲ-ը աշխարհի 38 երկրում €26 մլրդ ներդրում է կատարել այնպիսի նախագծերում, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն:Հայաստանում 1992-ին հիմնադրումից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է €1,2 մլրդ-ի ներդրում 168 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներին, որից 88%-ն ուղղվել է մասնավոր հատված: Tweet Դիտում՝ 7815