Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակում օրերս կազմակերպվել է սեմինար-հանդիպում՝ կին գործարարների, ՎԶԵԲ-ի ծրագիրը համակարգող եւ տեխնիկական աջակցությունն իրականացնող մասնագետների, արհեստավարժ դասընթացավարների մասնակցությամբ: Բանկում նշել են, որ հանդիպումը կազմակերպվել է որպես ՎԶԵԲ-ի «Արեւելյան գործընկերության կանայք բիզնեսում վարկավորման ծրագրի» շրջանակում Հայէկոնոմբանկի կողմից ՀՀ ՄՓՄՁ ոլորտում ներգրավված կին գործարարներին առաջարկվող ծրագրային փաթեթի ընդլայնմանն ու զարգացմանը միտված միջոցառումների արշավի շարունակություն:Միջոցառման ընթացքում քննարկվել են բիզնես միջավայրի մարտահրավերները, ֆինանսների արդյունավետ կառավարման մեխանիզմները, մասնակիցները ներկայացրել են հաջողության պատմություններ: Բանկում հիշեցրել են, որ փետրվարի 5-ին Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը եւ ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ստորագրել էին $10 մլն-ին համարժեք դրամով վարկային պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջեւ վերոնշյալ ծրագրի շրջանակում նախորդ տարում կնքված եւ հաջողված առաջին ծրագրին: Սույն պայմանագրով ներգրավվող միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ Հայաստանում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը: «Բանկը շարունակելու է ներկայացնել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում որպես խորհրդատու հանդես եկող փորձառու թիմի եւ բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մշակված եւ կին գործարարի պահանջմունքներին համապատասխանող փաթեթային առաջարկով՝ աջակցելով ոչ միայն գրավիչ պայմաններով ֆինանսական միջոցների ներգրավմանը, այլեւ նպատակային խորհրդատվության միջոցով բիզնես գործընթացի ամբողջ ցիկլի կառավարմանը: Առանձնահատուկ փաթեթ է մշակվել նաեւ զբոսաշրջության ոլորտի եւ հյուրանոցային բիզնեսով զբաղվող կին գործարարների համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2459