2019-ից սկսած՝ «Ամերիա» ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության հետազոտությունների գլոբալ ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում: «Սա նշանակում է, որ 2019թ. ընթացքում Հայաստանում կիրականացվեն ձեռնարկատիրության ոլորտի խորքային եւ համապարփակ հետազոտություններ Global Entrepreneurship Monitor (այսուհետ՝ GEM) զեկույցի համար՝ համաշխարհային հարթակ ներկայացնելով ՀՀ-ում տվյալ ոլորտի հնարավորություններն ու առավելությունները: GEM զեկույցում Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից եւ համադրումներից զատ, կնախապատրաստվի նաեւ Հայաստանի համար Ազգային զեկույց, որը ենթադրում է առավել հանգամանալից վերլուծություն ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ:GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Այն ձեռներեցության եւ գործարարության համապարփակ ցուցանիշների վստահելի աղբյուր է երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողների, ինչպես նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Համաշխարհային բանկը եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD): Նշենք, որ ներկայումս GEM-ի հետազոտություններում ներգրավված է աշխարհի ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն, իսկ մեր տարածաշրջանից՝ Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Վրաստանը»,- ասված է հաղորդագրությունում:Ամերիայում նշել են, որ GEM հետազոտությունը եւ համապատասխան զեկույցները հնարավորություն են տալիս քաղաքականության մշակողներին եւ այլ շահագրգիռ կողմերին առավել հանգամանալից պատկեր ստանալ տվյալ երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների առանձնահատկությունների վերաբերյալ, համեմատել այն այլ երկրներում ձեռներեցության ոլորտի զարգացումների հետ, ինչը ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ եւ հիմնավորված միջոցառումների իրականացման նախապայմաններից է:Ամերիան GERA-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում հինգ տարի ժամկետով: Tweet Դիտում՝ 1725