Երեւանում կեղծ 100-դոլարանոցների իրացման դեպք է բացահայտվել

11.02.2019 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ոստիկանություն #կեղծ դրամ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւանի բնակիչներ Տիգրան Սարգսյանն ու Գեւորգ Ղազարյանը Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով իրացրել են կեղծ թղթադրամներ։

Մասնավորապես, $100 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։

Երիտասարդները բռնվել են դեպքի վայրում՝ Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100-դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո։ Այդ ընթացքում Տիգրան Սարգսյանն իր մոտ եղած դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք հատ 100-դոլարանոց կեղծ թղթադրամ եւ տարբեր արժեքներով դրամներ։

Խուզարկության ժամանակ Գեւորգ Ղազարյանի մոտ եւս հայտնաբերվել է $100 անվանական արժեքով կեղծ թղթադրամ։

Պարզվել է, որ նրանք նույն բանկին պատկանող բանկոմատներով կեղծ 100-դոլարանոց են իրացրել նաեւ փետրվարի 2-ին եւ 7-ին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դիտում՝ 2434

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW