«Գոլդեն բեյքրի» ընկերությունը, «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ եւ $225 000 օտարերկրյա ներդրումներով, Երեւանում արեւելյան հացամթերքի արտադրություն է հիմնել։ «Բիզնես Արմենիայում» նշել են, որ արտադրամասում կթխվի եւ մայրաքաղաքի առեւտրի կետերին կմատակարարվի արեւելյան հացամթերք՝ լոշիկ, զաթարով, պանրով եւ հացի այլ տեսակներ, միջին արեւելյան թխվածքներ։ Ստեղծվել է 7 աշխատատեղ։ «Առաջիկա 3 տարում եւս $150 000-ի ներդրում կիրականացնենք։ Մտադիր ենք նաեւ դեպի Վրաստան արտահանել Հայաստանում թխված մեր հացամթերքը»,- նշել է «Գոլդեն բեյքրի» ընկերության տնօրեն Սեւան Արթինը։ «Այս ներդրումներն ավելի սահուն իրականացնելու համար «Բիզնես Արմենիան» աջակցել է կառավարության արտոնյալ ռեժիմներից օգտվելու, սարքավորումների եւ հումքի ներմուծման հարցերում»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Ներդրողների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Հայաստանում ներդրումների իրականացման ընթացքում գործարարը համագործակցել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հետ, որը մշակել է բիզնես ծրագիրը, կազմել զարգացման ռազմավարությունը։ «Փոխշահավետ գործարքներ իրականացնելուց բացի, մենք շահագրգռված ենք դեպի Հայաստան ներդրումների ալիքը մեծացնելու հարցում»,- նշել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Կարէն Մկրտիչեանը։ Tweet Դիտում՝ 8606