Հայաստանը՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության ճանապարհին

30.01.2019 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #EITI
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում:

«Այս առումով, ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է»,- ասել է փոխվարչապետը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած EITI-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։   

Առաջինը, ի դեմս EITI բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության եւ կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։

Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, EITI-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։


Հաջորդ արդյունքը 2018-ին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։

Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ամբողջ տեղեկատվությունը։ Բացի այդ, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։  

Փոխվարչապետը հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլեւ դրանք հնարավորինս մատչելի ձեւով հասցնել յուրաքանչյուր շահառուի: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խթանել տեղեկացված հանրային բանավեճ եւ ունենալ իրական փոփոխություններ:

Այդ նպատակով ստեղծվել է նաեւ EITI-ի պաշտոնական կայքը եւ հաշվետվությունների առցանց ներկայացման նորարարական հարթակը, որոնց միջոցով հանրությանն է ներկայացվում նախաձեռնության եւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։
Դիտում՝ 1559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW