Արդշինբանկը $35 մլն է ներգրավել Սիթիբանկի եւ ԱԶԲ-ի հետ կնքած պայմանագրով

29.01.2019 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #Սիթիբանկ #ԱԶԲ
Արդշինբանկը $35 մլն է ներգրավել Սիթիբանկի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքած Առեւտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակում:

Բանկում նշել են, որ սա երկրորդ ակումբային պայմանագիրն է՝ ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի եւ ԱԶԲ-ի միջեւ, որը վկայում է նախորդ վարկի հաջողության եւ վստահելի համագործակցության մասին:

«Այս գործիքը կընդարձակի Արդշինբանկի կողմից միջազգային առեւտրային գործարքների ծավալների ավելացման հնարավորությունը` գործարարների համար առավել հասանելի դարձնելով այն»,- ասված է հաղորդագրությունում:
 
«Մենք հպարտ ենք մեր վաղեմի գործընկերներ Սիթիբանկի եւ Ասիական զարգացման բանկի  հետ հաստատված ամուր փոխհարաբերություններով: Սույն գործարքը կնպաստի Արդշինբանկի առաջատար դիրքի  ամրապնդմանը՝ ուղղված ներմուծման եւ արտահանման ֆինանսավորման ծրագրերի հետագա իրականացմանը»,- նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

«Ֆինանսավորումը կարեւոր է ոչ միայն բանկի, այլեւ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող բանկի հաճախորդների համար, որը, ըստ էության, հանգեցնում է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ֆինանսական վիճակի բարելավմանը»,- հավելել է նա:
 
«Սիթիբանկն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու զարգացող շուկաներին` առեւտրի ֆինանսավորման այս գործիքը տրամադրելով Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից մեկին,- ասել Եվրոպա, Միջին Արեւելք եւ Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի Ֆինանսական կազմակերպությունների եւ Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի եւ Առեւտրային գործիքների գծով տնօրեն Չաֆիկ Հադդադը: -Մենք հպարտ ենք Արդշինբանկի հետ ունեցած երկարաժամկետ մեր հարաբերություններով եւ ընդհանրապես հայկական բանկային համակարգում մեր ներգրավվածությամբ»:
 
«Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի եւ Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը,- նշել է ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն: -Այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առեւտրի ֆինանսավորման գործառնությունները՝ աջակցելով ավելի շատ ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին՝ այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»:
 
2012-ից սկսած՝ ԱԶԲ-ն իր Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում աջակցել է Հայաստանում շուրջ $170.56 մլն ծավալով 601 առեւտրային գործարքի իրականացմանը, որից 45%-ն ուղղված է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
 
«Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւ ունի լայն մասնաճյուղային ցանց (63 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր եւ ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ (Moody’s, Fitch)՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Սիթիբանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 մլն հաճախորդների հաշիվներ եւ գործում է ավելի քան 160 երկրում: Սիթին իր հաճախորդներին, ձեռնարկություններին, պետական մարմիններին եւ կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում եւ վարկավորում, կորպորատիվ եւ ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում եւ հարստության կառավարում:
 
Ասիական զարգացման բանկի նպատակն է տնտեսական աճի, կայուն զարգացման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով նպաստել Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսում աղքատության նվազեցմանը: ԱԶԲ-ն ունի 67 հիմնադիր-անդամ, որից 48-ը տարածաշրջանից:
 
Հիմքում ունենալով ԱԶԲ-ի AAA վարկային վարկանիշը՝ Առեւտրի ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է երաշխիքներ եւ վարկեր ավելի քան 200 գործընկեր բանկերին՝ ուղղված առեւտրի աջակցությանը, ինչպես նաեւ Ասիայում ավելի շատ ընկերություններին ներմուծման եւ արտահանման գործունեության իրականացմանը: Առեւտրի ֆինանսավորման հատուկ մասնագետներով եւ 24-ժամյա արձագանքման հնարավորությամբ, ծրագիրը հանդիսանում է առեւտրի միջազգային համայնքի հիմնական գործընկերը՝ տրամադրելով արագ, հուսալի եւ աջակցող օժանդակություն տարածաշրջանի ամենադժվար հասանելի շուկաներում բացերը լրացնելու համար: 2009թ. սկսած Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել տարածաշրջանի ավելի քան 15 400 փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ ավելի քան 36 մլրդ արժողությամբ մոտ 21 000 գործարքներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքները, բժշկական սարքավորումները եւ սպառողական ապրանքները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ԱՖԾ ինտերնետային կայքը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW