ԿԲ նախագահ. Բանկային համակարգը բավարար իրացվելի է եւ կապիտալացված

25.12.2018 | 23:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, որ ԿԲ գնահատականներով՝ «տարին կավարտվի նպատակային ցուցանիշից փոքր ինչ ցածր գնաճով, ինչը շատ կարեւոր է գնաճային սպասումների խարսխման, նաեւ՝ բնակչության եկամուտների գնողունակության պահպանման առումով»:

ԿԲ-ում 2018թ. տարեմուտի ընդունելությանն Արթուր Ջավադյանն ասել է, որ Կենտրոնական բանկը 2018թ. ամբողջ ընթացքում վարել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն՝ համաշխարհային տոկոսադրույքների բարձրացման ֆոնին անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«2018թ., գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ, ֆինանսական կայունությունը եւս դարձավ Կենտրոնական բանկի հիմնական նպատակ: Սա ներկայիս աշխարհի զարգացումների հրամայական է, եւ Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ տրված լիազորությունների ներքո արդյունավետորեն ապահովում է գների եւ ֆինանսական կայունությունը:

Այս միջավայրն է հնարավորություն տվել ֆինանսական համակարգին 2018թ. ներքաղաքական իրադարձությունների պայմաններում ցուցաբերել ճկունություն եւ ապահովել կայուն զարգացման միտումներ: Համակարգի խոշորագույն մասնակից բանկերն ապահովել են վարկերի եւ ավանդների էական աճ: Վարկավորման աճի տեմպերը բարձր են եղել ինչպես սպառողական ու հիփոթեքային, այնպես եւ արդյունաբերության ու շինարարության ոլորտներում: Բանկային համակարգը բավարար իրացվելի է, կապիտալացված եւ ունակ սպասարկելու տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները եւս տարին կամփոփեն հիմնական ցուցանիշների աճերով»,- հայտարարել է ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ շարունակվում են պահպանվել ֆինանսական ծառայությունների հասանելիության եւ վարկերի ժամկետայնության աճի, ինչպես նաեւ տոկոսադրույքների նվազման միտումները, ինչը ֆինանսական համակարգում մրցակցության խորացման արդյունք է:

«Այս տարի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվեց ֆինանսական համակարգի գնահատման ծրագիր, որի ամփոփված արդյունքների համաձայն՝ ֆինանսական համակարգը գնահատվել  է կայուն, իսկ կարգավորման եւ վերահսկողական գործընթացներն համապատասխանել են Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Տարին հոբելյանական էր պետականության կարեւորագույն խորհրդանիշներից մեկի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25 ամյակի կապակցությամբ: Այս տարի դրամաշրջանառության մեջ մտան լավագույն պաշտպանական հատկանիշներով տպագրված երրորդ սերնդի թղթադրամները, որոնք որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն»,- ընդգծել է ԿԲ նախագահը:

Դիտում՝ 2542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW