«Լիդիանը» տեղեկացնում է, որ 2018-ին հողի վարձակալության դիմաց վճարել է $920 883-ին համարժեք դրամ:«Չնայած Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների ապօրինի շրջափակմանը, ինչի հետեւանքով ծրագիրը փաստացի կասեցված է արդեն գրեթե 6 ամիս՝ «Լիդիանը» շարունակել է պատշաճ իրականացնել Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց վճարումները շրջակա համայնքների բյուջեներ»,- նշել են ընկերությունում:Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին վճարվել է $403 701-ին, Զառիթափ/Սարավան-ին՝ $265 955-ին, Գորայքին՝ $251 227-ին համարժեք դրամ:«Այս փոխանցումները մի քանի անգամ գերազանցում են այս համայնքներ վճարվող պետական դոտացիաները»,- ասված է հաղորդագրությունում:2008-2018 թթ. ընթացքում հողի վարձակալության դիմաց «Լիդիանն» այս համայնքներին վճարել է ընդհանուր առմամբ $5,1 մլն:«Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը շրջակա համայնքների վրա դժվար է թերագնահատել: Մինչ ճանապարհների ապօրինի շրջափակումը Ամուլսարի ծրագրում աշխատում էր մոտ 1400 մարդ, որից 428-ը շրջակա համայնքներից: Այսօր այս մարդկանց զգալի մասը դարձել է գործազուրկ: Միայն «Լիդիանի» կապալառու ընկերությունները 2017-18թթ. ընթացքում տեղի համայնքներից կատարել են ավելի քան $2,2 մլն գնումներ: Գնումների 75%-ը իրականացվել է Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքներում՝ հիմնականում վառելիքի, սպասարկման, հյուրանոցների եւ տրանսպորտի ոլորտներում: 2008-ից սկսած այս համայնքներում սոցիալական զարգացման ծրագրերում Լիդիանն իրականացրել է ընդհանուր առմամբ $3,7 մլն-ի ներդրում: Այս ծրագրերի արդյունքում նորոգվել եւ բարեկարգվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգեր, կրթական հաստատություններ եւ այլն, ներդրվել են գյուղատնտեսական նորարարական ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը, որի համար ներդրվել է $130 000:Այս պահի դրությամբ, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով այս ծրագրերի մեծ մասը կասեցված է»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2013