Երեւան, 25 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս Բանկը” սկսել է իրագործել “Գյուղի զարգացում. Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն” նոր վարկային ծրագիր, որն ուղղված է Հայաստանում գյուղական եւ ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կոնվերս Բանկի” մարքեթինգի բաժնում, վարկավորումն իրագործվելու է վարկային կոոպերատիվների ստեղծման միջոցով, որոնց անդամները կրելու են համատեղ պատասխանատվություն վարկային միջոցների համար: Ծրագրի շրջանակներում տրամադրվելու են. - շրջանառու միջոցների համալրման կարճաժամկետ վարկեր (վարկի առավելագույն ժամկետը 3 տարի է, տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից), - ներդրումային վարկեր (վարկի առավելագույն ժամկետը 5 տարի է, տարեկան տոկոսադրույքը` սկսած 14%-ից): Երկու դեպքում էլ վարկերի առավելագույն գումարը հաշվարկվելու է կոոպերատիվի կանոնադրական կապիտալի քառապատիկ չափով, սակայն առաջին վարկավորման ժամանակ այն չպետք է գերազանցի 8.5 մլն դրամը: Վարկերն ապահովվելու են կոոպերատիվի գույքով, կոոպերատիվի անդամաների կողմից տրված երաշխավորագրերով, այլ նյութական և ոչ նյութական արժեքներով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6268