Fitch-ը Հայաստանում 2019-ին կանխատեսում է 4,1% տնտեսական աճ
10.12.2018 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 1tv.ge

Այս մասին ասված է 2019թ. ԱՊՀ եւ Վրաստանի բանկերի վերաբերյալ գործակալության հրապարակած զեկույցում:
Գործակալությունը Հայաստանի համար 2019թ. կանխատեսում է 4,1% տնտեսական աճ, որը, ըստ Fitch-ի, խթանում է արտաքին եւ ներքին պահանջարկը, ինչպես նաեւ դրամի կայունությունը, որը «չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով երկրում դոլարիզացիայի բարձր մակարդակը»:
Fitch-ը կանխատեսում է, որ վարկավորման ծավալների աճը որոշակիորեն կդանդաղի՝ 2019-ին կազմելով մոտ 10% (2018թ. համար կանխատեսում՝ 16%)՝ արտացոլելով մակրոտնտեսական միտումներն ու այն հանգամանքը, տնտեսության մեջ վարկավորման ազդեցությունը ներկայում պատմական բարձր մակարդակի վրա է (համախառն վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակում կազմել է 51%):
«Ակնկալում ենք, որ վարկավորման հետագա ընդլայնումը պայմանավորված կլինի կորպորատիվ եւ մանրածախ (հիմնականում՝ սպառողական վարկեր) սեգմենտներով՝ տոկոսադրույքների մակարդակի անկման ֆոնին: Նոր վարկերը հիմնականում տրամադրվում են տեղական արժույթով, որին նպաստում է նաեւ կարգավորման դաշտը. այս միտումը եւ կշարունակվի 2019-ին»,- ասված է զեկույցում:
Գործակալության բնորոշմամբ՝ շահութաբերության մակարդակը համակարգում շարունակում է մնալ ցածր՝ չնայած վարկավորման ծավալների աճին եւ ռիսկի չափավորմանը:
«Ցուցանիշի բարելավում տեսանելի ապագայում չենք ակնկալում, քանի որ շահույթի մարժայի վրա ճնշող ազդեցություն են թողնում մրցակցությունն ու «սառեցված» ակտիվների մեծ չափաբաժինը՝ պայմանավորված Կենտրոնական բանկի կողմից պարտադիր պահուստավորման բարձր պահանջներով»,- նշում է Fitch-ը:
Ակտիվների որակի հետ կապված՝ 2019-ին գործակալությունն էական տատանումներ չի ակնկալում, չնայած որ, ըստ նրա, մրցակցությամբ պայմանավորված վարկավորման պայմանների մեղմացումն ու ռիսկի ավելի մեծ ախորժակը ռիսկի հետ կապված ծախսերը կպահեն բարձր մակարդակի վրա:
Զեկույցի համաձայն՝ բանկային համակարգում կապիտալի համարժեքության ցուցանիշը (2018-ի օգոստոսի վերջի տվյալներով՝ 17,8%) կշարունակի նվազման տենդենցը՝ կապված վարկավորման ծավալների ընդլայման հետ:
«Կապիտալը կշարունակի մնալ համաչափորեն բաշխված ամբողջ ոլորտում, չնայած որոշ խոշոր խաղացողներ, հնարավոր է, լրացուցիչ կապիտալի կարիք ունենան՝ աճի իրենց թիրախներին հասնելու, ինչպես նաեւ Բազել 3-ին համապատասխանելու համար»,- կարծում են Fitch-ի փորձագետները:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: