S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով

30.11.2018 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#S&P #Ամերիաբանկ
Ամերիկյան S&P Global Ratings վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B+/B երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով:

«Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: Առայժմ S&P Global Ratings-ը չի շնորհել սուվերեն վարկանիշ Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում:

Ըստ S&P Global Ratings-ի՝ Հայաստանի սուվերեն վարկարժանությունն արտացոլում է բանկի վարկանիշի սահմանափակումները, այսինքն՝ Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը:

«Ամերիաբանկի վարկարժանությունն արտացոլում է Ամերիաբանկի` Հայաստանի խոշորագույն բանկի դիրքը եւ S&P Global Ratings-ի սպասումներն առ այն, որ բանկը կպահպանի առաջատարի դիրքը, իսկ կապիտալացման մակարդակը մոտակա 24 ամսում կավելանա շնորհիվ կայուն եկամտի:

Վարկանիշի՝ մոտակա 12 ամսվա կայուն հեռանկարն արտացոլում է S&P Global Ratings-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի գործունեությունը եւ ֆինանսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում կայուն կլինեն շնորհիվ շուկայական ամուր դիրքի եւ Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի բարելավման:

Ըստ S&P Global Ratings-ի՝  Հայաստանի բանկային հատվածը կայուն կլինի, առանց շուկայի նկատելի խեղաթյուրումների: Ճյուղային ռիսկի միտումը եւս գնահատվում է կայուն:

S&P Global Ratings-ը վարկային ռիսկը համարում է Հայաստանի բանկային հատվածի վրա բացասաբար ազդող գործոն` հաշվի առնելով արտարժութային վարկերի, հատկապես ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված չհեջավորված վարկերի ավելի բարձր կշիռը, քան համեմատելի երկրներում, եւ այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը դեռ լիովին չի կայացել: S&P Global Ratings-ը Հայաստանի բանկային հատվածի տնտեսական ռիսկի միտումը գնահատում է կայուն:

Գործակալությունը նաեւ նշում է, որ նախորդ 6 տարվա ընթացքում Ամերիաբանկն ունեցել է շահութաբերության լավ ցուցանիշներ, մասնավորապես` ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1.4%, իսկ ծախսերի հարաբերությունը եկամտին 2017թ. վերջի դրությամբ կազմել է 40%, որը բավականին լավ ցուցանիշ է տեղական եւ արտասահմանյան բանկերի համեմատ:

S&P Global Ratings-ի կարծիքով Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքը պահպանելու լավ հնարավորություններ ունի՝ հաշվի առնելով բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը ու դրա բարելավումը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմն ու մեծ կարողություն ունեցող վերահսկող բաժնետիրոջը, ով մեծ փորձ ունի բանկային եւ ֆինանսական ոլորտում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 22171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW