Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» եւ այլ ընկերությունների ղեկավարներ:Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գերմանական կապիտալի մասնակցությամբ ոլորտներն ընդլայնելու եւ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:Նրա խոսքով՝ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200-միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը եւ համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, եւ մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:Նախագահը գործարարներին առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Tweet Դիտում՝ 2901