Դրամը մեր անկախության կարեւորագույն խորհրդանիշներից է, ասել է ԿԲ նախագահը
22.11.2018 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաեւ մեր անկախության եւ պետականության կարեւորագույն խորհրդանիշներից է:
Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաեւ՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման եւ իրականացման:
Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաեւ Հայաստանի ֆինանսական համակարգի ձեւավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ եւ՛ ձեւավորման, եւ՛ մաքրման, եւ՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձեւավորման հիմքում հայկական դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն եւ պրոֆեսիոնալիզմ:
Ֆինանսական համակարգը, առանց որեւէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, եւ լիահույս եմ, ապագայում եւս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարեւոր է:
Այս տարիներին ստեղծվել եւ կայացել են նաեւ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման եւ շարունակականության ճանապարհին»,- ասել է Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը շնորհավորել է նաեւ երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով եւ իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը:
«Այսօր լավ առիթ է նաեւ շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ հայկական դրամի ներդրման օրը նշվում է նաեւ որպես բանկային աշխատակցի օր:
Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ եւ առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին եւ ներկա աշխատակիցներին»,- ամփոփել է Արթուր Ջավադյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: