Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկը” նշում է Հայաստանում հիմնադրման վեցամյակը եւ շնորհակալություն է հայտնում հաճախորդներին եւ գործընկերներին վստահության եւ փոխշահավետ համագործակցության համար: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ընթացիկ տարին բանկի համար դարձել է բիզնեսի ընդլայնման տարի: Բանկի ղեկավարության կողմից նախաձեռնված բարեփոխումները թույլ են տվել զգալիորեն բարձրացնել հաճախորդների սպասարկման արդյունավետությունը` հասցնելով նրանց թիվը 30 հազարի: Ճկուն սակագնային քաղաքականությունը, սպասարկման որակն ու հաճախորդներին անհատական մոտեցումը հանգեցրել են նաեւ բանկի վարկային փաթեթի աճին մինչեւ 32 մլրդ դրամ: Այսօր բանկը գտնվում է Հայաստանի խոշոր բանկերի հնգյակում` զբաղեցնելով առաջատար դիրքեր կորպորատիվ եւ բանկային մանրածախ սպասարկման շուկայում: Սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 48 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 30%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով “Յունիբանկը” շարունակում է առաջին տեղը զբաղեցնել երկրի բանկային համակարգում: Սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 21 մլրդ դրամը: Բանկը նաեւ ակտիվորեն շարունակում է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, այդպիսով ապահովելով իր ներկայությունը երկրի բոլոր մարզերում: Այսօրվա դրությամբ գործում է բանկի 29 մասնաճյուղ, որոնցից 12-ն Երեւանում, 15-ը` մարզերում, 2-ը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է “Յունիբանկի” ներկայացչություն: “Բանկը կշարունակի ապրանքատեսակների եւ ծառայությունների կատարելագործումը, բարձր չափանիշների պահպանումը, որպեսզի հետագայում եւս մնա հանրապետությունում ամենապահանջված ֆինանսական կառույցներից մեկը”, - վստահեցրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում: Banks.am ինտերետ-պորտալի անձնակազմը շնորհավորում է “Յունիբանկի” ղեկավարությանն ու աշխատակիցներին վեցերորդ տարեդարձի կապացությամբ եւ ցանկանում է հետագա հաջողություններ աշխատանքում: Վստահ ենք, որ բանկի թափանցիկ եւ հասարակական գործունեությունը կնպաստի հաճախորդների թվի մեծացմանը`հաղորդելով նոր խթան նոր հաղթանակների համար: Tweet Դիտում՝ 5832