Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան անմիջական ներդրումների ծավալն այս տարի կազմել է $532.9 մլն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից, այդ թվերը ներկայացրել է Հայաստանի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` հոկտեմբերի 9-ին հանդես գալով հայ-բելգիական բիզնես-ֆորումում: Նա հայտնել է, որ 2007թ. Հայաստանի ՀՆԱ ծավալը կկազմի $8.1 մլրդ` նախորդ տարվա $7.1 մլրդ դիմաց: Տիգրան Դավթյանը նշել է, որ ըստ կանխատեսումների, բնակչության մեկ շնչի ՀՆԱ ծավալը 2008թ. կկազմի $3200, ինչը համաչափ է Արեւելյան Եվրոպայի երկրների ցուցանիշներին: Հանդես գալով բիզնես-ֆորումում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ “այսօր մենք կարող ենք վստահ խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է անցումային շրջանն ու մտել կայուն զարգացման փուլ”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6140