«Բիզնես Արմենիան», արտահանման եւ ներդրումների խթանման նպատակով, 6 ոլորտային եւ երկրի իմիջն ու գրավչությունները ներկայացնող մեկ ընդհանուր մարքեթինգային փաթեթ է պատրաստել։ Նյութերը հրապարակվելու են Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Նյութերն անգլերեն են, առաջին հերթին ուղղված են միջազգային ներդրողներին ու գործարարներին, արտերկրյա հարթակներում հասանելի դարձնելու նպատակ է դրված։Հայաստանի գրավչությունները կներկայացվեն դեղագործության, էներգետիկայի, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ, ՏՏ, ոսկերչության ոլորտների օրինակներով։ Մարքեթինգային փաթեթներն ընդգրկում են տեսանյութ (շուրջ 2 րոպե տեւողությամբ), ոլորտային հետազոտություններ, հաջողության պատմություններ, տպագիր նյութեր։Հրապարակվել է առաջին տեսանյութը՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ: Տեսանյութը ներկայացնում է մարդկանց, ցուցանիշեր, բիզնեսի արտոնություններն ու պայմանները։Բիզնես Արմենիայի հետազոտության խմբի ուսումնասիրությամբ՝ վերջին երեք տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը տարեկան միջինը 38 տոկոսով արտահանման աճ է գրանցել, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա, Եվրոպա ուղղություններով։ Միայն անցած տարի ոլորտը 338.6 մլն դոլարի արտահանում է ապահովել, 150-ից ավելի նորաստեղծ ընկերություն է գրանցվել։Հաջողության պատմությունների շարքում են «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի», «Բենիվոյի» եւ «Սինոփսիս Արմենիայի» օրինակները։«Սա Հայաստանի ներդրումային եւ գործարար գրավչությունները ներկայացնելու համապարփակ ու պրոֆեսիոնալ քայլ է։ Փաթեթը չի պարունակում անխտիր բոլոր ցուցանիշերը երկրի վերաբերյալ։ Գլխավոր խնդիրը պոտենցիալ ներդրողներին դեպի Select Armenia հարթակ ուղղորդելն է, որտեղ մանրամասն տեղեկատվություն է հրապարակվում Հայաստանի մասին»,- նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Տեսանյութերի հեղինակային իրավունքները պատկանում են Բիզնես Արմենիային, սակայն մեր երկրի ներդրումային եւ բիզնես միջավայրի խթանման նպատակով գործարարները, լրատվամիջոցներն ու այլ կազմակերպություններ ազատորեն կարող են այն տարածել, ներկայացնել համաժողովներին ու շնորհանդեսներին»,- ասել է «Բիզնես Արմենիայի» Մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը։Տեսանյութերը պատրաստել է «Դոպինգ» ընկերությունը:«Նկարահանումները կատարվել են շուրջ 4 ամիս, ընդգրկել են ամբողջ Հայաստանը, բոլոր մարզերը, կադրերն արվել են հատուկ այդ տեսահոլովակների համար՝ ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը»,- նշել է «Դոպինգ» ընկերության ստեղծագործական խմբի ղեկավար Հովհաննես Մարգարյանը։Ամբողջ քարոզարշավի համար հատկացվում է 19 մլն դրամ բյուջե: Tweet Դիտում՝ 5674